«Ամենակեղտոտ ընտրություններն էին. այս «կռիվ կինոն» այն մասին է, որ Հայաստանը դարձնեն Թուրքիայի, Ադրբեջանի և ԵՄ-ի համար տարածք». Լարիսա Ալավերդյան
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ այս պահին ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվելն իմաստ կունենա, եթե կարողանա կազմակերպել արտապառլամենտական պայքար, եթե ունի «պլան Բ»։ Միայն այս դեպքում կարող են հրաժարվել մանդատներից։
«Եթե այդ պլանը չունեն, ապա առհասարակ իմաստ չկա՝ վայր դնեն մանդատները։ Իհարկե, մանդատներ չվերցնելը բողոքի նշան է, բայց բողոքը դրանով չպետք է ավարտվի, բողոքը պետք է շարունակական բնույթ կրի։ Կուտակված այդքան բողոքներ կան, հստակ փաստեր կան արձանագրված ոչ միայն վարչական ռեսուրսի օգտագործման, այլև բռնության։
Սա ես համարում եմ ամենակեղտոտ ընտրություններն անկախ Հայաստանի պատմության մեջ։ Ինքս 1990 թվականից ոչ միայն մասնակցել եմ ընտրություններին, այլև դիտորդ եմ եղել, շատ լավ հիշում եմ ՀՀՇ-ի ներդրած, մասնավորապես՝ 1995 թվականի կեղտոտ ընտրությունները, որտեղ ներդված էին ամենակեղտոտ մեթոդները։ Բայց կրկնում եմ՝ այս աստիճան կեղտոտ ընտրություններ մենք երբեք չենք ունեցել։ Այս իշխանությունը փոքրամասնության կառավարություն պետք է լինի, այսինքն՝ իրենք ընտրված են ՀՀ ընտրազանգվածի 20 տոկոսից մի քիչ ավելիի կողմից, որն ուժայինների և հանրային կառավարման մեջ ընդգրկված մարդիկ են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով հունիսի 6-ին Հայաստանում կայացած համապետական ընտրությունների, դրանց արդյունքների, ինչպես նաև ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվելուն ուղղված կոչերի մասին։
Այս համատեքստում Լարիսա Ալավերդյանը հիշատակեց նաև ԵՄ դիտորդներին, շեշտելով՝ տպավորություն է, որ նրանք եկել են Հայաստան ուղիղ միջամտությամբ՝ պայքարելու Ռուսաստանի, այսպես կոչված, «հիբրիդային» միջամտության դեմ։
«Սա աննախադեպ է ամբողջ այս տարիների ընթացքում, սրանով Եվրոպան կորցրեց իր դեմոկրատական, իրավական պետության դիմագիծը։ Սա ինքս շատ ծանր եմ տանում, որովհետև ամենահեռավոր գյուղերից երբ եկան տվյալները, թե Փաշինյանը կարծես թե առաջատար է, անմիջապես ԵՄ-ի դեսպանը գնաց ԿԸՀ, ի՞նչ իրավունք ուներ, դրանից հետո մեկ ժամ դադարեց ԿԸՀ-ի կայքի աշխատանքը։
Կարծում եմ՝ որևէ այլ պետության մեջ նրանք նման բան անելու ռիսկ չէին ունենա, համոզված եմ դրանում, քանի որ եղել եմ պատգամավոր։
Այս առումով դատապարտում եմ, ամո՛թ ամբողջական այդ առաքելությանը, թեպետ ասում են, որ վարչական ռեսուրս է կիրառվել, սակայն ամենակարևորը չեն ասում, թե արդյո՞ք դա ազդել է արդյունքների վրա»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։
Մեր զրուցակցի բնորոշմամբ՝ հաշվի առելով այս ամենը, չի ընկճվում, քանի որ ի սկզբանե տեղի ունեցողն ակնկալվում էր, ՔՊ-ի բոլոր ճչոցները, անշնորհք կեցվածքը, դատապարտելի խոսույթը, քայլերը մեկ բացատրություն ունեին՝ Նիկոլ Փաշինյանին տվել էին քարտ-բլանշ, որպեսզի ինչ ցանկանա, այն էլ անի, միայն թե Հայաստանը դառնա տարածք ԵՄ-ի, Թուրքիայի ու Ադրբեջանի համար։
«Այս «կռիվ կինոն» հենց դրա մասին է, որ Հայաստանը դարձնեն տարածք Թուրքիայի, Ադրբեջանի ու ԵՄ-ի համար։ Շատ եմ ցավում, որ ընդդիմադիր կուսակցությունները չեն պատրաստվել, կամ գուցե պատրաստ են իրականացնելու իրենց «պլան- Բ»-ն, բայց այն կեցվածքը, համոզմունքը, որ ունեն ընդդիմադիր ուժերը, զարմանալի է։ Այս առումով սա նշանակում է, որ 8 տարվա ընթացքում Հայաստանում ընդդիմադիր ուժերն այդպես էլ չեն գտել այն մոդուսը, որով պետք է պայքարեն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաթույլ ու ամենախոցելի Կառավարության դեմ։ Որևէ իշխանություն չի հասցրել այս թվով հանցագործություններ անել»,- շեշտեց ՀՀ առաջին ՄԻՊ-ը։
Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ պետք է պայքարել և, ինչպես ասում են՝ հստակ «տեղը դնել» թե՛ Եվրոպայից եկող այդ էքսպեդիցիոն կորպուսը, թե՛ հայատյաց, մարդատյաց թիմին, որը բարոյականության մասին պատկերացում չունի, որը սանձարձակ ձևով է իրեն դրսևորում Հայաստանում։
Խոսելով ընդդիմության հայտարարությունների մասին, որ պետք է դիմեն Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար, Լարիսա Ալավերդյանն ասաց՝ ՍԴ պետք է անպայման դիմել, սպասելիքներ ունենալն արդեն այլ հարց է։ Եթե ընդդիմությունը դատարան չի դիմում, նշանակում է՝ համաձայն է ընտրությունների արդյունքի հետ։
«Ակնկալիքներ ունենալը բոլորովին այլ բան է, քանի որ այս իշխանությունն իր ղեկավարի գլխավորությամբ վաղուց զավթել է դատական իշխանությունը՝ սկսած հենց Սահմանադրական դատարանից, ապա, անշուշտ, իմ ակնկալիքները շատ համեստ են։
Անշուշտ, համոզված եմ, որ նրանք չեն ընդունի այն փաստը, որ ՔՊ-ն 51 տոկոս չի հավաքել, այդ ուժը 40-41 տոկոսից ավելին չի հավաքել։ Չեմ կարծում, որ ՍԴ-ն դրական որոշում կընդունի, բայց դիմելը պարտադիր է»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը։

