Եթե Փաշինյանն ընտրվի և հայ ժողովուրդը համակերպվի, ուրեմն… Սամվել Կարապետյան
Ընտրությունների միջոցով իշխանափոխության սցենարը կախված է հայ ժողովրդից։ Այս մասին քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
«Իշխանափոխության այս սցենարը կախված է հայ ժողովրդից։ Ես ինչպե՞ս կարող եմ ունենալ այլ պլան։ Հայ ժողովուրդն ինչպիսի որոշում կայացնի, այդպես էլ կշարժվենք։ Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի, չնայած դրա հնարավորությունը ձգտում է զրոյի, բայց հայ ժողովուրդը եթե կհամակերպվի, ուրեմն կհամակերպվենք»,- ասաց Սամվել Կարապետյանը։
Սամվել Կարապետյանը համամիտ չէ այն տեսակետին, որ Պուտինը Փաշինյանի հետ պայմանավորված է գործում կամ որ Փաշինյանը «Ռուսաստանի մարդն է», և որ Ռուսաստանը դիտավորյալ է տնտեսական պատժամիջոցներով դժգոհություն հրահրում Հայաստանում, որ մարդիկ «զզված» գնան ու ընտրեն Նիկոլ Փաշինյանին։
«Ինձ թվում է՝ ռուսներն ունեն իրենց շահերը և հետևողական վարում են իրենց քաղաքականությունը։ Դա ոչ մի կապ չունի ոչ Փաշինյանի, ոչ ինձ հետ, ոչ քաղաքական ուժերի հետ։ Որևէ պայմանավորված բան չկա, բայց Ռուսաստանը, նորից եմ ասում, հետևողական հետապնդում է իր շահերը Հայաստանում»,- նշեց Սամվել Կարապետյանը։
«Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածուն նաև հավելեց, որ չի ընդունում Ռուսաստանի կողմից սահմանված սահմանափակումները՝ ռուսական շուկան փակելը հայկական գյուղմթերքի համար, քանի որ դրանից տուժում են հայ գործարարները և ժողովուրդը։
«Ցանկացած քայլ ցանկացած երկրի կողմից, որից տուժում է հայ ժողովուրդը, ես չեմ կարող ընդունել»,- նշեց Կարապետյանը։

