«Ապստամբելու ենք. 2008 թվականից աջակցել եմ Փաշինյանին, մերժեցինք Սերժին, որ լավ ապրենք, բայց ավելի վատ ենք ապրում». ծաղկագործ
Մայիսի 22-ից Ռուսաստանը սահմանափակել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից, ըստ «Ռոսսելխոզնադզորի» հայտարարության, որոշման նպատակը բուսասանիտարական առողջ միջավայրի պաշտպանությունն ապահովելն է։
«Չնայած ՀՀ ՍԱՏՄ-ի ներկայացրած երաշխիքներին, շարունակում են հայտնաբերվել ԵԱՏՄ-ի համար կարանտինային բույսեր։ 96,2 միլիոն ծաղիկների ու բույսերի ներմուծման ժամանակ այդպիսի 135 դեպք է արձանագրվել, ինչը կազմում է ամբողջ 2025 թվականին հայտնաբերված ընդհանուր դեպքերի 77 տոկոսը»,- նշել է «Ռոսսելխոզնադզորը»։
Այսօր 168.am-ը Արմավիրի մարզում էր, զրուցել է Զվարթնոցից ծաղկագործ Արտակ Թովմասյանի հետ, ով արդեն մեկ տարի է՝ բախվում է նույն խնդրին և իր արտադրած ծաղիկները չի կարողանում արտահանել ՌԴ կամ իրացնել ներքին շուկայում։
«Այս խնդիրը նոր չէ, ուղիղ մեկ տարի առաջ այս խնդիրն առաջացավ, երբ «Ռոսսելխոզնադզորը» պահանջներ ներկայացրեց, որ հայկական ծաղիկներ չեն ներմուծում ՌԴ, այլև ուրիշ երկրներից են բերում ու արտահանում Ռուսաստան։ Ես չգիտեմ, սա որքանով է համապատասխանում իրականությանը, բայց այս ամենի արդյունքում տուժում են գյուղացիները։
Այսինքն՝ մեկ տարի առաջ պետք է գային ու ջերմոցները ստուգեին, լիցենզիա տային, ՍԱՏՄ-ից հասցեները վերցրեցին, ես իմը չտվեցի, ասացի՝ ինձ մոտ ամենավերջում կգաք։ Ով հասցե է տվել, որևէ մեկի մոտ չեն գնացել, գնացել են միայն մեծ ջերմոցատերերի մոտ։ Բայց գյուղացու մշակած ծաղիկը որևէ բանով չի զիջում Էկվադորից, Եվրոպայից ներկրած ծաղիկներին, անձամբ ինքս արտահանել եմ և Մոսկվայի շուկայում տեսել եմ թե՛ հայկական, թե՛ այլ երկրից ներմուծված ծաղիկների որակը։
Այս ամենի պատճառը քաղաքական է, եթե չեն եկել, այս ծաղիկների որակը չեն ստուգել, չեն ասել, որ բլոճ կա, բայց ինձ ասում են՝ մի արտահանիր, սա ի՞նչ է։ 12 տարի արտահանել եմ, խնդիր չի եղել, բայց հիմա խնդիր կա՝ սա քաղաքական չէ՞։ Երբ այստեղ հարցը բարձրացրեցին՝ ԵԱ՞ՏՄ, թե՞ ԵՄ, «Ռոսսելխոզնադզորն» էլ ինձ ասաց՝ «շատ լավ, բացեք ձեր ջերմոցները, մենք գալիս ենք ստուգենք, տեսնենք՝ համապատսխանո՞ւմ եք մեր շուկային»»,- նշեց Արտակ Թովմասյանը։
Ինչ վերաբերում է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությանը, որ «պարբերաբար իրենց տեղեկությւոններ են հասնում, որ ՀՀ ներքին որոշակի ուժեր հրահրում են, որպեսզի հայ արտադրողը բախվի խնդրի», Արտակ Թովմասյանը նկատեց՝ որ Գևորգ Պապոյանին կարող ենք փոխանցել, որ այս «ներքին ուժերին» գտել ենք։
«Ո՞րն է «ներքին ուժերը», ասեք՝ գտել ենք, դա ես եմ՝ իմ ծաղիկներով, ես ծաղիկ արտադրող եմ ու 12 տարի շարունակ արտահանել եմ։ Ինձ ձեռնտու չէ, բայց ասեմ՝ 12 տարի, երբ իմ ծաղիկն ուղարկել եմ ՌԴ, համոզված եմ եղել, որ իմ ծաղիկի վրա կարող է արգելված վնասատու եղած լինի, բայց մարդիկ աչք են փակել։ Իսկ երբ այստեղ որոշեցին, որ ՌԴ շուկա ծաղիկ չպետք է մտնի, այդ ժամանակ էլ այս խնդիրն առաջացավ, ի՞նչ «ներքին ուժերի» մասին է խոսքը։ Գևորգ Պապոյանը թող գա, միասին պտտվենք, թող տեսնի՝ ինչ խնդիրներ ունենք։
Մենք մեր ծաղիկները Եվրոպայի շուկա չենք կարող արտահանել, քանի որ այնտեղ պահանջներն ավելի խիստ են։
Նախկինում ջերմոցատերերը գյուղական համայնքներում համարվում էին հարուստ մարդիկ, որովհետև մարդիկ գումար էին աշխատում, բայց հիմա ավելի խոցելի են դարձել։ Այսքան ժամանակ մենք չենք կարողացել ծաղիկ արտահանել, ով ինչ գումար ուներ, ներդրում արեց, բայց արտադրածը չի կարողանում վաճառել։ Այս խնդրի պատճառով, ես այլևս վարկային լավ պատմություն չունեմ, վերջին ոսկիներն եմ դրել լոմբարդ, 1-2 ամիս հետո ոսկու տոկոսներն էլ չեմ կարողանալու վճարել։ Սա կոչվում է բանկրոտ, մարդ բանկրոտ լինում է իր խելքից, մեկ էլ լինում է, երբ ունենում ենք գևորգպապոյաններ և ՍԱՏՄ։ Ուզում են նախընտրական քարոզարշավ անել, թող երեկոյան գնան ծաղկի շուկա, լիքը նոր բաներ կլսեն իրենց մասին։ Մոտենում է ծիրանի, խաղողի սեզոնը, գյուղացիներն ի՞նչ են անելու, 3 օր է՝ այս խնդիրը կա, ոչ մեկը որևէ բան չի ասում, միայն ասում են՝ «ներքին ուժերը սադրում են», այո, ներքին ուժը ես եմ՝ ես եմ սադրում»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նրա դիտարկմամբ՝ պետք չէ, որ կառավարությունը ջերմոցատերերին օգնի, պետք է, որ չխանգարի՝ իր պահվածքով, արտաքին քաղաքականությամբ։
2025 թվականին ծաղկագործը 40 մլն դրամի վնաս է կրել, իսկ այս տարի ու այս ժամանակահատվածում արդեն 15 մլն դրամի վնաս է կրել, ջերմոցի վրա 50 մլն ներդրում է արել, իսկ ծաղիկների՝ 13 մլն։
«Իմ ջերմոցում աշխատել է 8 աշխատող՝ օրը 8 հազար դրամով, բայց հիմա չունեմ աշխատող, միայն իմ ջերմոցի մասով 8 հոգի արդեն գործազուրկ են, տուժում են նաև թունաքիմիկատ վաճառողները, սկսած այս թելի արտադրողից ու վաճառողից տուժում են, որ ծաղիկներ չենք արտահանում։
Ապստամբելու ենք, շատ ջերմոցատերեր թույլ են տալիս իրենց ջերմոցը նկարեք, բայց խուսափում են խոսելուց։ Առհասարակ Գևորգ Պապոյանին Երևանում մի ավտոբուս տվեք, թող վարի, նա էկոնոմիկայից շատ հեռու մարդ է, չգիտի՝ իր երկրում ինչ է կատարվում։ Հիմա որ Գևորգ Պապոյանն ասում է՝ ինտենսիվ այգեգործությունը զարգացնենք, այս ջերմոցը քանդեմ, ծիրանի այգի հիմնեմ, ու «Ռոսսելխոզնադզորը» կրկին նման խնդիր հայտնաբերի, ես ի՞նչ եմ անելու։

Ես 2008 թվականից աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին, ուզում էինք, որ փոփոխություններ լիներ։ Մերժեցինք Սերժին, որ ավելի լավ ապրենք, բայց մերժեցինք ու հիմա ավելի վատ ենք ապրում։
Ես այս ջերմոցը հիմնելու ամբողջ գումարը վաստակել եմ ՌԴ-ում, բերել եմ այստեղ, որ իմ երկրում ապրեմ ու աշխատեմ։ Հիմա մենք ավելի վատ վիճակում ենք ու անտեսված, քան մյուս բոլոր ղեկավարների օրոք»,- նշեց ծաղկագործը։
Նույն իրավիճակն է նաև Արմավիրի մարզի այլ գյուղերում, որտեղ ծաղկագործները ծաղիկներն ուղղակի աղբի տեսքով հանում են ջերմոցից ու թափում։ Աղավնատուն գյուղում գրեթե բոլոր ջերմոցների դիմաց հազարավոր ծաղիկներ էին լցված, դրանց մի մասը մարդիկ բեռնատար մեքենայով տանում էին աղբավայր։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



