«ՌԴ-ն գազ է մատակարարում ՀՀ-ին ի վնաս իրեն՝ դրա դիմաց ստանալով Փաշինյանի ստորությունը»․ Վոլոդին
Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի քաղաքական որոշումներ է կայացրել՝ միանալու այն երկրներին, որոնք պատերազմում են Ռուսաստանի հետ և փորձում են ոչնչացնել այն․ հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ Հայաստանը նախկինում օրենք էր ընդունել Եվրամիությանը միանալու գործընթացը սկսելու մասին, ինչպես նաև ճանաչել էր Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունը, որից հետո Հայաստանը դարձել էր լիիրավ անդամ։
«Քաղաքական առումով՝ Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն կայացված են։ Ուզում եմ ընդգծել, որ նա կողմ է Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ, մեզ հետ պատերազմող, Ռուսաստանի Դաշնությունը ոչնչացնող և մեր զարգացմանը խոչընդոտող երկրների հետ հարաբերություններ կառուցելուն», – նշել է Վոլոդինը։
«Մենք Հայաստանին գազ մատակարարում ենք գրեթե 4 անգամ ավելի էժան, ի վնաս մեզ (Հայաստանի համար գազի գինը 1000 խոր․ մ-ի համար կազմում է 177,5 դոլար, Եվրոպայում՝ 633 դոլար): Այս դժվարին պահին աջակցում ենք Հայաստանի տնտեսությանը, նրա քաղաքացիներին։ Ինչ ենք ստանում դրա դիմաց՝ Փաշինյանի ստորությունն ու անպարկեշտությունը»,- նշել է նա՝ հավելելով, որ այդպես շարունակվել այլևս չի կարող։



