«Եթե չհերքես, 10 միլիոն դոլարի փոխհատուցում եմ պահանջելու». Ամստերդամը դիմել է Ռուբինյանին
Միջազգային իրավապաշտպան և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Ռոբերտ Ամստերդամը դատական հայց կներկայացնի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի դեմ, եթե նա չհերքի իր ասածը։ Իրավապաշտպանն այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում:
ՔՊ–ական Ռուբինյանն ավելի վաղ հայտարարել էր, թե Ռոբերտ Ամստերդամը կապ է ունեցել ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ և նրան իրավաբանական ծառայություններ է մատուցել։
«Ռուբեն Ռուբինյան, դու մարդկային կերպարանքդ կորցրած ստախոս ես։ Ես երբեք չեմ աշխատել Էպշտեյնի հետ և երբեք նրան որևէ խորհրդատվություն չեմ մատուցել։ Եթե անմիջապես և հրապարակայնորեն չհերքես այս բացահայտ սուտը, ես դատական հայց կներկայացնեմ քո դեմ՝ պահանջելով 10 միլիոն դոլարի փոխհատուցում»,– գրել է Ամստերդամը։
Հիշեցնենք` ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնը ձերբակալվեց 2006 թվականին անչափահասներին մարմնավաճառության մեջ ներգրավելու կասկածանքով։ 2019 թվականին նրան մեղադրանք առաջադրվեց անչափահասների առևտրի և սեռական շահագործման նպատակով հանցավոր պայմանավորվածության համար, ինչը նախատեսում էր մինչև 45 տարվա ազատազրկում։ Մեղադրող կողմի վարկածով՝ 2002-2005 թվականներին Էպշտեյնը Նյու Յորքի և Ֆլորիդայի իր նստավայրերում սեռական հարաբերությունների մեջ է մտել տասնյակ անչափահաս աղջիկների հետ, նրանց գումար վճարել և ոմանց ներգրավել նոր զոհերի հավաքագրման մեջ: Տուժածների մի մասը 14 տարեկանից փոքր են եղել։
2019 թվականի օգոստոսին Էպշտեյնի դիակը գտան բանտախցում, որտեղ նա սպասում էր դատավարությանը։ Էպշտեյնի մահը պաշտոնապես որակվեց ինքնասպանություն, սակայն ԶԼՄ-ներում շարունակում են շրջանառվել դավադրության տեսություններ, այդ թվում՝ տեսախցիկների հրապարակված տեսանյութերում առկա բացերի պատճառով:
2026 թվականի հունվարին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակեց Ջեֆրի Էպշտեյնի քրեական գործի նյութերը (մոտ 3 միլիոն էջ), ինչից հետո մեծ աղմուկ բարձրացավ, քանի որ դրանցում մի շարք հայտնի մարդկանց անուններ էին շոշափվում։



