Բաժիններ՝

Ապաշխարանքի ուժը. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Ներողություն, սիրելի վարչապետ և կառավարություն, դուք բյուջեի փողերը խիստ արդյունավետ եք օգտագործում, ոչ մի չարաշահում և ոչ մի «ատկատ» Հայաստանում չկա և չի կարող լինել, և Սատանան գիտի, թե որտեղից եմ ես իմ հրապարակած փաստերը վերցրել՝ պարզապես ուղեղի մթագնում էր»,- այդպիսի բաց նամակով է դիմելու Իշխան Զաքարյանը Տիգրան Սարգսյանին:

«Ներեցեք մեզ, Հայաստանի հարգարժան հարկատուներ, որ 123 միլիոն դրամ եմ ծախսել երկու բիոզուգարանների վրա՝ դա անիմաստ շռայլություն էր, որը որևէ ձևով արդարացված չէ մի երկրում, որտեղ 35 տոկոս աղքատություն կա: Կներեք ինձ նաև, որ հինգ տարի ձեզ գլուխ եմ տանում անիրատեսական ծրագրերով, մասնավորապես՝ Գյումրիի տեխնոպարկով»,- այդպիսի ուղերձով է դիմելու վարչապետը Հայաստանի քաղաքացիներին:

«Հավատավոր հայ ժողովուրդ, կներես ինձ, որ քավոր եմ դարձել Աշոտ Սուքիասյանի նման սրիկայի, որը չարաշահելով իմ մտերմությունը՝ ինձ վարկաբեկելու համար իմ անունով օֆշորում հաշիվ է բացել, կներես ինձ նաև, որ այդ հանցագործից թանկարժեք նվեր եմ վերցրել, ես այն պատրաստվում եմ վաճառել և այդ գումարով բարեգործական ճաշարան հիմնել»,- այդպես է դիմելու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հայ հավատացիալներին:

Հավատո՞ւմ եք, որ նման բան հնարավոր է: Ես էլ չեմ հավատում: Որովհետև մենք ընդհանրապես չենք հավատում ապաշխարանքի հզոր ուժին, վստահ ենք, որ թե մասնավոր կյանքում, և թե աշխատանքում այնքան անթերի ենք գործում, որ բոլորը պետք է մեր ոտներն ընկնեն և շնորհակալություն հայտնեն:

«Բա դու գիտե՞ս, ես էս ժողովրդի համար ինչեր եմ արել»՝ դա է մեր պաշտոնյաների, գործարարների և քաղաքական գործիչների մշտական կեցվածքը: Այսինքն՝ այն «հերոսությունները», որոնք նրանք արել են, փոխհատուցում են իրենց «փոքրիկ չարաճճիությունները», որոնք նրանք բացատրում են միանգամայն ներելի մարդկային թուլություններով: Ի դեպ, հենց այդ՝ «ազգի առաջ անգնահատելի ծառայություններով» են անգրագետ մարդիկ արդարացնում իրենց ներկայությունը խորհրդարանում: Այնտեղ էլ են նրանք, պարզվում է, ազգիս համար տանջվում:

Բայց եկեք ավարտենք լավատեսական եղանակով: Հանրապետական Աշոտ Պապայանը, որը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հարձակվել էր լրագրող Հակոբ Կարապետյանի վրա, երեկ վերջինից հրապարակավ ներողություն է խնդրել: Չգիտեմ, վերջանական գնահատականը, կարծում եմ, պետք է Հակոբը տա, բայց ես կարծում եմ, որ դա բոլոր դեպքերում Պապայանի կողմից նորմալ, տղամարդկային և խրախուսելի արարք է՝ մարդը չի ուզում, որ իր րա խուլիգանի խարան մնա: Հերթը պատգամավոր Վարդան Այվազյանինն է, որը, անշուշտ, պետք է ներողություն խնդրի Գոհար Վեզիրյանից: Բայց ենթադրում եմ, դա երբեք չի անի, որովհետև խուլիգանի խարանը նրան չի վախեցնում: Ըստ երևույթին, բազմաթիվ այլ խարաններ ունի»:

«Առավոտ» օրաթերթ 21.06.2013

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս