Մեր գործը չէ, բայց տրամաբանական կլիներ հանրաքվե անել․ Պուտինը՝ Հայաստանի ընտրության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ ՌԴ նախագահն այդ մասին ասաց այսօր ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Դե, օրինակ, հանրաքվե անցկացնելը մեր գործը չէ, բայց միանգամայն տրամաբանական կլիներ հարցնել Հայաստանի քաղաքացիներին, ըստ այդմ՝ մենք էլ հետևություններ կանեինք և կգնայինք փափուկ, քաղաքակիրթ ու փոխշահավետ բաժանման ճանապարհով»,- ասաց Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով` Հայաստանի ծրագրերը հատուկ քննարկում են պահանջում, ինքը դա բազմիցս քննարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Ես նրան մի քանի անգամ ասել եմ և հիմա հրապարակավ ասում եմ՝ մենք աջակցում ենք այն ամենին, ինչը ձեռնտու է հայ ժողովրդին։ Մենք հայ ժողովրդի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունենք… Եթե հայ ժողովրդին ձեռնտու է այս կամ այն որոշումը, մենք դեմ չենք լինի։ Բայց, իհարկե, պետք է նկատի ունենալ որոշ հանգամանքներ, որոնք կարևոր են և՛ մեզ, և՛ մեր գործընկերների համար»,- ասաց Պուտինը` հավելելով, որ այդ հարցը կարելի է բարձրացնել ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովում։
ՌԴ նախագահը նշեց՝ թեպետ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը նվազել է և 2025թ․ կազմել է 7 միլիարդ դոլար, բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ՀՆԱ-ն 29 միլիարդ դոլար է, ըստ Պուտինի, սա բավականին մեծ ցուցանիշ է։
ՌԴ նախագահը նաև հիշեցրեց, որ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ, զգալի առավելություններ է ստանում մի շարք ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, մաքսային վճարների, միգրացիայի և այլն։



