«Դաբրոն» Փաշինյանն է տվել, բայց պատասխանը պիտի Սուրեն Պապիկյանը տա
Վերջին օրերին համացանցում քննարկման թեման դարձել է Նիկոլ Փաշինյանին մերձակա բլոգերների արկածները ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, որտեղ կատարվել են նկարահանումներ, և այդ տեսանյութերը հրապարակվել են:
Եթե հաշվի առնենք, որ նրանց ուղեկցել է Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանը (ով, ի դեպ, ժամանակին՝ որպես զոհվածի եղբայր, մասնակցել է ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիաներին), ապա կարող ենք ասել, որ տիկտոկերների՝ զինված ուժերի ստորաբաժանում այցը կրել է նախընտրական-քարոզչական բնույթ՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ:

Այսպիսով՝ հերթական ագամ գործ ունենք զինված ուժերը հեղինակազրկելու և համազգեստն անարգելու դիտավորյալ գործողության հետ, դեռ չենք նշում օրենքի հետ կապված հնարավոր խնդիրների մասին:
Ի դեպ, հրապարակված տեսանյութերից կարելի է ենթադրել, որ իրադարձությունները տեղի են ունեցել ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի ենթակայությամբ զորամասում:
ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Թեմուր Շահնազարյանը, 3-րդ բանակային կորպուսի գործող հրամանատար Սիմոն Նազարյանը շատ լավ կարող են ասել՝ 3-րդ կորպուսի նախկին հրամանատարներ Գրիգորի Խաչատուրովի, Օնիկ Գասպարյանի և այլ հրամանատարների օրոք նման բան կարո՞ղ էր տեղի ունենալ, ընդ որում՝ Գրիգորի Խաչատուրովը պաշտոնավարել է նաև Փաշինյանի իշխանության օրոք: Ավելին, հենց այն գնդում, որտեղ ինքը ղեկավար պաշտոն է ունեցել, կարո՞ղ էր լինել այն, ինչ այսօր է տեղի ունենում:
Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ պաշտպանության նախարարությունը վաղուց լրագրողների այց չի կազմակերպել զորամասեր, երբ ժամանակ առ ժամանակ արգելքներ են դրվել ընդդիմադիր պատգամավորների այցերի դեպքում:
Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կամ իրականում հաշտ է բանակի հեղինազրկման նման փաստերի հետ, կամ՝ հաշտ չլինելով և ի պաշտոնե ունենալով բավարար լծակներ, քաղաքական առումով կաշկանդված է, գուցեև անկարող՝ Փաշինյանի հակաբանակային քայլերի դեմն առնելու: Մինչդեռ ամեն ինչ պետք է սահման ունենա, հատկապես, երբ խոսքը վերաբերում է բանակին և անվտանգությանը, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը «կարմիր գծեր» չունի, կամ, առավելևս, զինված ուժերի նկատմամբ «գենետիկ» ատելություն, բարդույթներ ունենալու պարագայում:
Մենք գրել ենք, որ արդեն մի քանի տարի Փաշինյանը Նոր տարվա նախաշեմին չի այցելում զորամասեր և մարտական հենակետեր՝ շնորհավորելու զինվորների և սպաների տոները:
Մյուս կողմից, վերը նկարագրվածը բացարձակ զարմանալի չէ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը քարոզչական նպատակներից ելնելով՝ քաղաքացիական տարբեր խմբերի ուղեկցում էր ամրացված շրջաններ, ցուցադրում վերջին տարիներին ձեռք բերված սպառազինության նմուշները:
Եվ մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կայանալիք սպառազինության ցուցադրությունը բացառապես քաղաքական հաշվետվություն է լինելու, և պաշտպանության նախարարությունը, նրա ղեկավարությունը, բանակը չի լինելու այդ օրվա հերոսը, այլ բացառապես Նիկոլ Փաշինյան անձը:
Երբ պատահական մարդիկ մուտք են գործում բանակ, թիրախում առաջինը հայտնվում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որովհետև բնական հարց է առաջանում՝ արդյո՞ք կա իր թույլտվությունը, ինչպե՞ս է, որ նման մարդիկ կարող են անարգել ցանկացած պահի այցելել զորամասեր, իսկ ընդդիմադիրների դիմաց ժամանակ առ ժամանակ դռներ փակվեն, լրագրողները չգնան:
Եթե չկա Պաշտպանության նախարարի թույլտվությունը, սա արդեն վտանգավոր այլ երևույթի մասին է վկայում, երբ դժվար իրավիճակներ են ստեղծվում յուրային և կուսակցական նախարարի համար, դե ֆակտո սահմանափակում նրա լիազորություններն ու իրավունքը, ու այս պարագայում զարմանալի չէ, երբ ՔՊ-ական ինչ-որ պատգամավոր կարող է ասել՝ եթե ուզում են սպառազինության նմուշներին ծանոթանալ, կարող են դիմել իրեն, ինքը կկազմակերպի…
Իսկ Փաշինյանի մերձակա բլոգերները եղել են նաև Կիրանցում, նկարահանել և մանրամասն ցուցադրել են ամրացված շրջաններում ստեղծված պայմանները (երևի ՊՆ-ի օրինակով), ինչպես նաև՝ հակառակորդից մետրերի հեռավորության վրա գտնվող դպրոցի ապաստարանը:
Հիշեցնենք, որ «Պետական գաղտնիքի մասին» օրենքը հստակ սահմանում է, որ պետական գաղտնիքի շարքին են դասվում «Հայաստանի Հանրապետության տարածքի օպերատիվ սարքավորման (կահավորման), գործողությունների նախապատրաստման և վարման, զորքերի ծավալման (այդ թվում` զորահավաքային), նրանց մարտունակության, մարտական հերթապահության կրման ձևերի ու եղանակների, ղեկավարման համակարգի փոխդասավորության, գործունեության հաջորդականության, համակարգի հասանելիության, ամբողջականության, համակողմանի ապահովման վերաբերյալ տեղեկությունները»:
Նույն օրենքում նշվում է, որ պետական գաղտնիք են համարվում «հատուկ պահպանվող և մուտքի ու ելքի հատուկ կարգ ունեցող օբյեկտների տեղաբաշխման, նշանակության, պաշտպանվածության ու պատրաստականության աստիճանի, դրանց նախագծման և շինարարության», ինչպես նաև՝ «քաղաքացիական պաշտպանության ուժերի ու միջոցների, վարչական շենքերի պաշտպանվածության ու բնակչության անվտանգության ապահովվածության աստիճանի մասին» տեղեկությունները:
Հենց սա նկատի ունեինք՝ նշելով, որ կան նաև օրենքի հետ կապված խնդիրներ, ինչի մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը հիշում է միայն լրատվամիջոցների գրավոր հարցումներին պատասխանելու ժամանակ:
Նիկոլ Փաշինյանի ընտանիքն էլ օրենքների մասին սկսում է հիշել, երբ որևէ թեմա առնչվում է իրենց իրավունքներին:
Իսկ Սուրեն Պապիկյանը, թերևս, մտածելու շատ բան ունի, նաև գիտակցելու՝ որքան էլ ինքը կուսակցական նախարար է, առաջին հերթին պետական անվտանգային ինստիտուտի՝ զինված ուժերի ղեկավար է, և պետք է գործել հենց այդ շահերից ելնելով… ի վերջո, այստեղ նաև սեփական հեղինակության հարցն է:



