Թրամփը կրկին հայտարարել է, որ կարող է ավիակիր ուղարկել Կուբայի ափեր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ դիտարկում է ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը Կուբայի ափեր ուղարկելու հնարավորությունը՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելուց հետո։ Այս մասին նա ասել է Salem News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
«Հնարավոր է՝ Իրանից վերադառնալու ճանապարհին, երբ ավարտենք դա (հակամարտությունը), մենք «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը կտեղակայենք (Կուբայի) ափերից երկու հարյուր յարդ (շուրջ 180 մետր) հեռավորության վրա և կտեսնենք, թե ինչպես են նրանք ցանկանում ինչ-որ բան ձեռնարկել», – ասել է Թրամփը։
Սա արդեն առաջին դեպքը չէ, որ Թրամփը հայտարարում է Կուբայի ափեր ավիակիր ուղարկելու ԱՄՆ-ի պլանների մասին։ Անցյալ շաբաթ նա հանդես է եկել նմանատիպ պնդմամբ, սակայն այդ ժամանակ խոսքն էլ ավելի մոտ տարածության մասին էր. նախագահը խոստացել էր նավը կանգնեցնել կղզու ափից ընդամենը 100 յարդ (91 մ) հեռավորության վրա։
Հունվարի 29-ին Թրամփն ստորագրել է հրամանագիր, որը թույլ է տալիս մաքսատուրքեր սահմանել Կուբային նավթ մատակարարող երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ, ինչպես նաև արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված ԱՄՆ ազգային անվտանգության համար Կուբայից հնարավոր սպառնալիքի հետ:
Կուբայի կառավարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն էներգետիկ շրջափակման միջոցով ձգտում է խեղդել կղզու տնտեսությունը և կենսապայմաններն անտանելի դարձնել նրա բնակչության համար:



