Բրազիլիայում չեն դադարում հակակառավարական բողոքի ակցիաները (տեսանյութեր)
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արդեն մի քանի օր է, ինչ Բրազիլիայի խոշորագույն քաղաքներում անցկացվում են բողոքի ակցիաներ: Տասնյակ հազարավոր մարդիկ փակել են Սան Պաուլուի, Ռիո դե Ժանեյրոյի, Բրազիլիայի և այլ քաղաքների փողոցները:
Ցուցարարները բողոքում են աղքատության, կոռուպցիայի ու ոստիկանության կամայականությունների դեմ: Բողոքի ակցիաների կազմակերպումը գերազանցապես իրականացվել է սոցցանցերի միջոցով:
Բրազիլական ԶԼՄ-ների պնդմամբ՝ Ռիո դե Ժանեյրոյում ցուցարարների թիվը կազմում է ավելի քան 100.000 մարդ, իսկ Սան Պաուլուում՝ ավելի քան 65.000 մարդ: Մայրաքաղաք Բրազիլիայում ցուցարարները շրջապատել են Ազգային կոնգրեսի շենքը և նրա տանիքին նետել են քարեր:
Արդեն երկու շաբաթ շարունակվող հակակառավարական ակցիաները սկսվեցին Սան Պաուլուից, ինչի համար առիթ ծառայեց հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը: Այդ ակցիայի կոշտ ցրումից հետո բողոքի ակցիաներին միացան նաև երկրի մյուս քաղաքները: