Հայաստանում ջրծաղիկի համաճարակ չկա
ՀՀ առողջապահության նախարարության իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն այսօր հերքեց այն տեղեկությունը, թե Հայաստանում ջրծաղիկի համաճարակ կա: «Դեպքեր կան, բայց ասել, որ համաճարակ է, դա ճիշտ չէ: Եթե մենք համեմատենք նախորդ 2 տարիների հետ, մենք նույնիսկ ունենք հիվանդացման նվազեցում, այսինքն՝ նվազման միտում»,- ասաց նա:
Գայանե Սահակյանի խոսքով՝ յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով 2011 թվականին գրանցվել է 1,2 դեպք, 2012-ին՝ 0,8, 2013-ին՝ 0,04: (Ներկայացված են միայն այն հիվանդների թվերը, որոնք դիմել են բուժհաստատություններ, բանակում գրանցված դեպքերի քանակը ևս ներառված չէ): «Այս պահին հատուկենտ դեպքեր են գրանցվում»,- ասաց Գայանե Սահակյանը: 168.am-ի հարցին ի պատասխան՝ Գայանե Սահակյանը նշեց, որ ամռանը ջրծաղիկի դեպքեր սովորաբար քիչ են գրանցվում. վարակն առավել ակտիվանում է գարնան և ձմռան ամիսներին: