Վրաստանում ոչնչացվել է օգտագործման համար ոչ պիտանի ավելի քան 563 տոննա սննդամթերք
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Սննդամթերքի ազգային գործակալությունը շարունակում է մոնիթորինգի ենթարկել սպառողական շուկան՝ կապված ամառային հանգստյան սեզոնի մոտենալու հետ:
Գործակալության տեսուչները ներկա փուլում վերահսկողություն են իրականացնում Վրաստանի տարբեր շրջաններում այդ թվում նաև Սև ծովի ափին (Աջարիայում), ուր գտնվում են ամառային հանգստավայրերը:
Գործակալության տարածած հայտարարությունում նշված է. «Հաշվի առնելով ամառային շոգ ժամանակաշրջանի ռիսկերը՝ հատուկ շեշտադրում է կատարվել սննդի հասարակական օբյեկտների վրա: Պետական վերահսկողության շրջանակներում ստուգվելու են արագ փչացող սննդամթերքը, դրանց պահպանման ու վաճառքի պայմանները»:
Անցկացվող մոնիթորինգի շրջանակներում ստուգումների է ենթարկվել 585 բիզնես-օպերատոր, որոնցից 109-ը տուգանվել է տարբեր խախտումների համար: Ոչնչացվել է ավելի քան 563 տոննա օգտագործման համար ոչ պիտանի սննդամթերք և 25 տոննա վարակված կարտոֆիլ, առգրավվել է ավելի քան 228.000 ժամկետանց ձու: Բացի այդ, 2.4 տոննա վարակված կարտոֆիլ է վերադարձվել այն երկիր, որտեղից որ այն ներկրվել է Վրաստան: