Վարույթ չունենք․ Հակակոռուպցիոն կոմիտեի պետը՝ «Իմ քայլը» հիմնադրամի խախտումների մասին
«Իմ քայլը» հիմնադրամում հնարավոր խախտումների վերաբերյալ քրեական վարույթ Հակակոռուպցիոն կոմիտեում չկա։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր Դանիել Իոաննիսյանն ապրիլի 23-ին գրել էր, որ «Անկախ դիտորդ» դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ և դիմել Վարչական դատարան՝ պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին:
«Մենք ունենք գործեր, որոնք իրացվում են, հրապարակվում են։ Ձեր նշած դեպքով մենք քրեական վարույթ չունենք»,- ասաց Նահապետյանը։
Հիշեցնենք, որ դաշինքը որպես ՔՊ-ի քարոզչական միջոցառում է դիտարկում ապրիլի 19-ին Գյումրիի և 23-ին Երևանի համերգները. դրանց ծախսը պետք է կատարվեր «Կուսակցությունների մասին» օրենքին համապատասխան։ Այնինչ, այդ համերգների ֆինանսավորումը չի տեղավորվում այդ օրենքի սահմանափակումների մեջ։ Նրանք դիմում են ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` նշվածին իրավական գնահատական տալու պահանջով։
«Անկախ դիտորդը» համարում է, որ ապրիլի 23-ի ջահերով երթը ևս հանդիսանում է ՀՅԴ-ի («Հայաստան» դաշինքի) կուսակցության միջոցառում, և դրա ֆինանսավորումը ևս պետք է համապատասխանի կուսակցությունների օրենսդրության կարգավորումներին։ Այս մասով ևս փաստերն են ուսումնասիրում, որ, միգուցե, դիմեն ԿԿՀ։



