Կիմ Չեն Ինը որոշել է օգտվել Հիտլերի փորձից
New Focus International պորտալի փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի իշխանությունները զբաղվում են գերմանացի նացիոնալ-սոցիալիստների փորձի մանրակրկիտ հետազոտությամբ: Այս մասին պորտալին հայտարարել է իրազեկ աղբյուրը:
Վերջինիս հաղորդմամբ՝ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ինին հետաքրքրել է այն փաստը, թե ինչպես է Ադոլֆ Հիտլերի վարչակարգին հաջողվել կարճ ժամանակահատվածում վերականգնել Գերմանիան Առաջին համաշխարհային պատերազմում պարտություն կրելուց հետո:
Հյուսիս-կորեացի անանուն չինովնիկը, ով աշխատում է Չինաստանի տարածքում, New Focus-ին հայտնել է, որ Կիմ Չեն Ինը հունվարի 8-ին իր ծննդյան կապակցությամբ Պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներին նվիրել է Հիտլերի «Իմ պայքարը» գիրքը:
Ուշագրավ է, որ այդ աշխատությունն արգելված է ԿԺԴՀ-ում, սակայն, իբրև թե, թույլատրվել է այն տպագրել սահմանափակ քանակությամբ՝ նախատեսված ընթերցողների նեղ շրջանակի համար:
Ենթադրվում է, որ Կիմ Չեն Ինին մասնավորապես ոգևորել են սպորտի հանրաճանաչության ու ծնելիության բարձրացման վերաբերյալ իրականացված քարոզչության ոլորտում նացիստների նվաճումները: