Պենտագոնն ԱՄՆ Կոնգրեսին հայտնել է, որ Հորմուզի նեղուցի ականազերծումը կարող է տևել վեց ամիս
ԱՄՆ Պենտագոնը կարծում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականազերծման համար անհրաժեշտ կլինի վեց ամիս։ Այս մասին Associated Press լրատվական գործակալությանը հայտնել է թեմային ծանոթ աղբյուրը։
ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյաները նեղուցում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն են տրամադրել ապրիլի 21-ին Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի նիստում գաղտնի ճեպազրույցի ժամանակ։
AP-ն գրում է, որ նիստը օրենսդիրներին թողել է «ավելի շատ հարցերով, քան պատասխաններով»։ Մասնավորապես, նրանք հարցեր են ուղղել Իրանի դեմ պատերազմի արժեքի, դրա ռազմավարության և նպատակների մասին, որոնք, սակայն, անպատասխան են մնացել։
The Washington Post-ը, գրելով Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցած հանդիպման մասին, նշում է, որ Պենտանգոնի ներկայացուցիչներն օրենսդիրներին հայտնել են, որ հնարավոր է՝ Իրանը 20-ից ավելի ական է տեղադրել Հորմուզի նեղուցում և դրա շուրջ։ Որոշները հեռակա կարգով տեղափոխվել են GPS տեխնոլոգիայի միջոցով, ինչը դժվարացրել է ԱՄՆ ուժերի համար ականների հայտնաբերումը դրանց տեղակայման պահին։ Իսկ մյուսները ենթադրաբար տեղադրվել են իրանական կողմից՝ օգտագործելով փոքր նավակներ։
Պարբերականը գրում է նաև, որ Հորմուզի նեղուցում տեղադրված ականները հեռացնելը հնարավոր կլինի միայն Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո։



