ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ ԷՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՄԱՆ ՏԱԼ. ԱՎԵՏԻՔ ՔԵՐՈԲՅԱՆ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի նախորդ շաբաթվա ելույթն Ազգային ժողովում 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի գործողությունների, ընդհանուր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի որոշումների ընդունման մեխանիզմների և Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության մասին, և դրանից հետո ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի տարածած հայտարարությունը հանրային նոր բանավեճ են խթանել 44-օրյա պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների թեմայի վերաբերյալ։

Թեմայի շուրջ 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ (2018-2020թթ.) Ավետիք Քերոբյանը։

Փորձագետն ընդգծում է, որ 2020թ. ամռանը Տավուշի սահմանին տեղի ունեցած ռազմական բախումների,  2020թ. աշնան Քառասունչորսօրյա պատերազմի և 2020-ից ի վեր տեղի ունեցած ռազմական բոլոր գործողությունների մասին բազմաթիվ ստեր կան շրջանառվող, և ցավալին այն է, որ առ այսօր հայ ժողովուրդն ընդամենը կցկտուր ճշմարտություններ կամ կիսաճշմարտություններ գիտի դրանց մասին։

Գլխավոր շտաբի նախկին պետի՝ «շրջանառվող բոլոր ստերը պայթեցնելու» հրապարակային կոչի հետ կապված՝ Ավետիք Քերոբյանը հիշում է Կայսերական Գերմանիայի առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի հայտնի խոսքերը. «Մարդիկ երբեք այնքան սուտ չեն խոսում, որքան ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ և որսից հետո»։

Կարդացեք նաև

Ավետիք Քերոբյանը համոզված է, որ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի այս հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների թեմայով ԱԺ-ում փակ քննարկում կազմակերպելու առաջարկով և «շրջանառվող բոլոր ստերը պայթեցնելու» կոչով, պարզապես «ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄ Է»՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական անցյալը մաքրագործելու և նրա քաղաքական ապագան երաշխավորելու նպատակով։ Քերոբյանի խոսքով՝ Օնիկ Գասպարյանը չէր գիտակցում իր զբաղեցրած պաշտոնի պատասխանատվությունը։

«Այստեղ մենք գործ ունենք ոչ միայն Օնիկ Գասպարյանի հայտարարությունների հետ, որոնք պետք է իրավական գնահատականի արժանանան, գործ ունենք նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ, որոնք ինքնախոստովանական ցուցմունքներ են պաշտոնեական հանցագործությունների մասին։

Իհարկե, դրանից հետո ավելի քան 5 տարի է անցել, բայց մենք պետք է չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել Հայաստանի Հանրապետության դեմ հանցագործությունների մասին և պատժի չի արժանացել առ այսօր»,- նշեց Ավետիք Քերոբյանը։

Խոսելով 44 օրվա պատերազմի և տարբեր դրվագների մասին՝ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահը մասնավորապես հիշատակում է հոկտեմբերի 10-ին հաստատված կարճ հրադադարը, որին ինքն անձամբ է ականատես եղել՝ գտնվելով առաջնագծի դիրքերում, և նշում, որ այն առաջինը խախտել է հայկական կողմը, և մինչ օրս որևէ պատասխան չի եղել, թե ինչու է հայկական կողմը խախտել այդ հրադադարը, ինչու է հայտարարվել Գանձակի օդանավակայանի հրթիռակոծման մասին։

«Ես գեներալ Օնիկ Գասպարյանի հետ պատերազմից հետո առաջին անգամ հանդիպել եմ դեկտեմբերի 10-ի կողմերը, երբ մեր բանակային կորպուսներից մեկը, որը պաշտպանում էր շփման գծի հյուսիսային հատվածը, հետ էր քաշվել Վարդենիսից մինչև Ջերմուկ և դրանից էլ ավելի հարավ և զբաղեցրել էր նոր բնագծեր և բնավ պաշտպանված չէր նույնիսկ ձյունից և անձրևից, իսկ Դուք գիտեք՝ ինչ է նշանակում ձմեռային եղանակը Ջերմուկի հյուսիսային դիրքերում։

Զորքն ընդհանրապես անպաշտպան վիճակում էր, չկահավորված դիրքերում, բայց գեներալ Օնիկ Գասպարյանը զբաղված էր իր վրայից պատասխանատվությունը գցելով, այսպես կոչված՝ սահմանապահ զորքերի վրա։ Դրանից մոտավորապես երկուսուկես ամիս հետո տեղի ունեցավ հայտնի հայտարարությունը՝ Կառավարությանը հրաժարական տալու կոչով։

Այդ երեկոյան և հաջորդ երեկոյան ես նույնպես հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ, որն ընդհանրապես չէր էլ գիտակցում իր զբաղեցրած պաշտոնի հետ եկած պատասխանատվությունը, և կարծում եմ՝ չի էլ գիտակցել նույնիսկ պատերազմի ժամանակ այդ պաշտոնի հետ եկած պատասխանատվությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը պատերազմ չհայտարարելու դեպքում Օնիկ Գասպարյանը մնում էր ԶՈՒ գլխավոր հրամանատարը և պարտավոր էր ինքնուրույն կայացնել որոշումները և ինքնուրույն իրականացնել զորքերի կառավարումը։

Դրա հետ միասին, մենք գիտենք բազմաթիվ փաստված դեպքեր, որ զորքերի կառավարմանը մասնակցել են ի պաշտոնե որևէ լիազորություն չունեցող անձինք, օրինակ՝ վարչապետի այն ժամանակվա կինը… Եվ գիտենք նաև, որ Օնիկ Գասպարյանը թույլ է տվել Նիկոլ Փաշինյանին կայացնել որոշումներ, և ընթացող ռազմական գործողությունների ժամանակ Զինված ուժերի պլանավորված գործողությունները բացահայտելն արտասահմանյան լրատվամիջոցին տրված հարցազրույցում՝ «ՌԲԿ»-ի հայտնի հարցազրույցն ենք հիշում, և միջոցներ չի ձեռնարկել իր ենթակայության տակ գտնվող զորքերի գոնե տեղեկատվական անվտանգությունն ապահովելու մասով։

Այն ժամանակ Օնիկ Գասպարյանը պարտավոր էր Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու հրաման տալ, որովհետև մարդը գտնվում էր անհավասարակշիռ վիճակում և ՀՀ զինված ուժերի շահերին հակառակ գործողություններ էր իրականացնում։ Չի՛ արել։ Իհարկե, անցել է այդ ժամանակը, բայց այսօր վեր կենալ և ասել, որ՝ «գիտե՞ք ինչ կա, ես պատրաստ եմ առերեսվել, բայց փակ դռների հետևում», ներեցեք, շատ վատ թաքցված փորձ է Նիկոլ Փաշինյանի քաղաքական անցյալը մաքրագործելու և քաղաքական ապագան երաշխավորելու ուղղությամբ»,- մեկնաբանեց Ավետիք Քերոբյանը։

Մեր զրուցակիցը նաև հիշեցնում է, որ գործող իշխանությունն ինչպես 2016թ. Քառօրյա պատերազմի, այնպես էլ 2020թ. 44-օրյա պատերազմի հարցերով ձևավորել է երկու քննիչ հանձնաժողով՝ երկուսն էլ՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, որոնց զեկույցները մնացել են գաղտնի։

«Անցած 5 տարվա ընթացքում շատ ժամանակ են ունեցել բազմաթիվ փաստեր և հետքեր, փաստերը՝ թաքցնելու, հետքերը՝ կորցնելու։ Համոզված եմ, որ սրբագրումներ են կատարվել օպերացիաների պլանավորման քարտեզներում, որպեսզի թաքցնեն անտեղյակությունը, տգիտությունը, թաքցնեն անհաջողությունների պատճառները։

Համոզված եմ՝ այս քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման հետաձգումը և դրանով պայմանավորված՝ չքննարկելը լիագումար նիստին նպատակ են հետապնդում մի բանի՝ թաքցնել սեփական հանցագործությունները, թաքցնել սեփական անգործությունը և այդ անգործության հետևանքով տեղի ունեցած և՛ տարածքային, և՛ մարդկային մեծ կորուստները։ Քոչարյան Անդրանիկը պետք է պատասխաններ տա։ Պատասխաններ պետք է տա Սիմոնյան Ալենը, որն այսօր ԱԺ նախագահի պաշտոնն է զբաղեցնում և պարտավոր է հայ ժողովրդին պատասխան տալ այդ ամենի մասին, որովհետև Ազգային ժողովը նեղ հետաքրքրություններով խմբակ չէ. Ազգային ժողովը պատասխանատու է ժողովրդին, առաջնային մանդատով օժտված միակ կառույցն է մեր երկրում»,- հավելեց Քերոբյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ եթե գեներալները փախել են, ապա դա Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունն է։

«Պաշտպանության բանակը, պարոն Փաշինյան, 283 կմ պաշտպանության գոտի է ունեցել, որից 265-ը մինչև հոկտեմբերի 27-ը մեկ ամիս պահել են։ Այն տարածքով են ձեր ասած գեներալները փախել, և ես գտնում եմ, որ դա ձեր պատասխանատվության վրա է, որովհետև եթե ՊԲ-ն է որոշում, հաստատում է գլխավոր շտաբը կամ Արցախի նախագահը, իսկ եթե մի քանի զորամիավորում են՝ ՊԲ-ն և մի քանի հայաստանյան զորամիավորումներ, ապա գլխավոր շտաբի պետն է այնտեղ որոշում ընդունում, և հաստատում եք դուք։ Ձեր պատասխանատվության գոտով է Ադրբեջանը շրջանցել, եկել-հասել Շուշի, Բերձոր, Բերդաձոր և Հայաստանի Հանրապետության սահմաններ՝ Գորիս, Կապան, Մեղրիի սահմանները»,- մասնավորապես ասել էր Օհանյանը։

Այս հայտարարությանն ապրիլի 19-ին արձագանքել էր ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը՝ առաջարկելով փակ քննարկում կազմակերպել Ազգային ժողովում 2020թ.  պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների թեմայով և հայտարարելով, որ «ժամանակն է առերեսվել իրականությանը և պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները»։

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան՝ հաստատել էր իր այն հայտարարությունը, որ ինքը որոշ գեներալների անվանել է «վախկոտ» և «թալանչի»։

«Ես չեմ ասել, որ գեներալները վախկոտ են, ես ասել եմ՝ կան վախկոտ գեներալներ և դասալիքներ, և այո, նրանցից շատերը դատվում են։ Մենք ունենք թալանչի գեներալներ, որոնք անցնում են ապօրինի գույքի գործով, և ունենք կոռուպցիայի գործերով անցնող գեներալներ, և գեներալի ուսադիրը ոչ մեկին… Ընդհանրապես, ես կարծում եմ, որ մենք «հերոս» բառը պետք է շատ զգույշ օգտագործենք, որովհետև էնքան օգտագործել ենք էդ բառը, որ, ըստ էության, ստացվում է, որ մենք իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ։ Կամ էդ ի՞նչ նորություն ա, որ մի հատ էլ նորից վիճարկման առարկա են դարձրել։ Էն, որ մենք տասնյակ հազարով մարտական առաջադրանքը կատարելուց հրաժարված մարդիկ ունենք, ումի՞ց ենք թաքցնում՝ ուզում եմ հասկանամ…

Գիտե՞ք ինչ, մարդիկ թող իրանց փախնելը, թող իրանց ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ։ Ես նման հրամաններ չեմ տվել։ Մարդիկ ուզեցել են՝ էդպիսի հրամաններ ստանան, ես էդպիսի հրամաններ երբեք չեմ տվել։ Ով որ տենց բան ասում ա, ճողոպրողների բանակից ա։ Ես ներողություն եմ խնդրում բոլոր էն մարդկանցից, ովքեր իրենց քաղաքացիական ու զինվորական պարտքը մինչև վերջ կատարել են։ Խոսակցության մեջ ստացվում ա, որ թացը չորին խառնվում ա։ Ես երբեք թացը չորին չեմ խառնում և մարդկանց և իրերը կոչում եմ իրենց անուններով։

Այո, մենք ունեցել ենք վախկոտ գեներալներ։ Կոռուպցիայի արդյունքում գեներալ դարձած մարդն ի՞նչ պտի ըլնի։ Կամ, ընդհանրապես, էդ զինվորականի տե՞սք ա։ Փորները 3 մետր դեմները գցած գեներալը ո՞րն ա»,- մասնավորապես ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930