Բաժիններ՝

Մեկ օրում շուրջ 30 կանչ, 8 հոսպիտալացված. Բյուրեղավանում համաճարա՞կ է սկսվել

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել․ նույնատիպ գանգատներով արդեն 8 քաղաքացի է տեղափոխվել Աբովյանի բժշկական կենտրոն։ Այս մասին ֆեյսբուքյան տեսուղերձով հայտնել է Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Վարդումյանը։

Նրա փոխանցմամբ՝ հիվանդության առաջին զանգվածային դրսևորումները սկսվել են նախորդ երեկոյան՝ ժամը 19:00-20:00-ի սահմաններում, երբ շտապօգնության ծառայությունը ստացել է աննախադեպ քանակի կանչեր։ Բոլոր դեպքերն ունեցել են նույն ախտանշանները՝ սրտխառնոց, փսխում, ջերմություն, որոշ դեպքերում` նաև փորլուծություն։

«Երեկ ունեցել ենք մոտավորապես 30 կանչ, դա Բյուրեղավանի շտապօգնության համար աննախադեպ քանակ է, և սիմպտոմատիկան բոլորի մոտ նույնն է եղել»,– նշել է Վարդումյանը։

Նա հայտնել է, որ կանչերի կտրուկ աճից հետո իրավիճակի մասին ահազանգել են Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոն, որի մասնագետներն այսօր առավոտյան արդեն եղել են համայնքում։ Ըստ Վարդումյանի` ջրից նմուշառում է արվել, հիվանդներից անալիզներ են վերցրել, որոնց պատասխանները դեռ չկան։

«Գիշերվա ընթացքում շտապօգնության կանչերը շարունակվել են, և նույն պատկերն առկա է նաև այսօր։ Միաժամանակ, պոլիկլինիկա դիմողների թիվը շարունակում է աճել, իսկ որոշ հիվանդների վիճակը գնահատվում է վատթարացող։ Այսինքն` հիվանդների վիճակը որոշ դեպքերում ունի ոչ դրական դինամիկա, արդեն մոտավորապես 8 հոգի հոսպիտալացվել են»,– շարունակեց նա։

Վարդումյանի խոսքով` բնակիչներին նախապես զգուշացվել է հնարավոր ռիսկերի մասին. պոլիկլինիկան խորհուրդ է տվել խուսափել հում ջրի օգտագործումից, օգտագործել միայն եռացրած ջուր՝ չբացառելով, որ խնդիրը կարող է կապված լինել ջրամատակարարման հետ։

Պոլիկլինիկայի տնօրենի ԺՊ–ն նաև ընդգծել է, որ տարբեր ծառայություններ՝ այդ թվում Վեոլիա Ջուրը և ՆԳՆ փրկարար ծառայությունն արդեն ներգրավված են գործընթացում և իրականացնում են համապատասխան ստուգումներ։

Նրա խոսքով՝ բուժհաստատությունն աշխատում է արտակարգ ռեժիմով և պատրաստ է սպասարկել բոլոր դիմողներին։

«Պոլիկլինիկան այսօր աշխատում է ոչ ստանդարտ՝ անսահմանափակ ռեժիմով։ Ո՛չ շտապօգնությունը, ո՛չ պոլիկլինիկան դեղորայքի կամ օգնություն ցուցաբերելու խնդիր չունեն»,– եզրափակել է Վարդումյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930