Վաղը Նիկոլ Փաշինյանն էլի Գյումրի կգնա. դպրոցում «արտակարգ դրություն» է
Կիրակնօրյա ավտոերթի ու Վարչաբենդի համերգի միջոցով քարոզչական միավորներ հավաքելու տոտալ ձախողված փորձից հետո, 168.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը վաղը կրկին կմեկնի Գյումրի՝ մասնակցելու 41-րդ դպրոցի բացման արարողությանը, որը Գյումրիի խոշորագույն դպրոցներից մեկն է և գտնվում է Անի թաղամասում:
Մեր տեղեկություններով՝ դպրոցի տնօրենը Հայաստան Կարապետյանն է, ով Շիրակի փոխմարզպետ Արտուշ Հովհաննիսյանի կինն է: Առհասարակ Կարապետյանների ընտանիքում դպրոցի տնօրեններ էլի կան. Հայրը եղել է թիվ 7 դպրոցի տնօրեն, հիմա նույն դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է ավագ քույրը: Բայց սա՝ իմիջիայլոց:
Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի այցով պայմանավորված՝ դպրոցի աշխատանքներն արդեն մի քանի օր պարալիզացված են, դասերը 45 րոպեի փոխարեն՝ տևում են 30 րոպե, դպրոցի անձնակազմը մոբիլիզացվել է դպրոցը մաքրելու համար, և արդեն վերանորոգված դպրոցում վերջին շտրիխներն են անում, որ պատերին անգամ մի բիծ չլինի:
Մեզ ասացին՝ դպրոցի տնօրենից հատուկ հրահանգ է իջեցվել՝ ուշադիր լինել, որ հանկարծ Նիկոլ Փաշինյանի՝ դպրոցում գտնվելու ժամանակ ընդդիմադիր հայացքներով ծնողներ նույն տարածքում չլինեն:
Ի դեպ, այս դպրոցում է աշխատում այն կնոջ հարսը, ով կիրակի օրը Գյումրիում Նիկոլ Փաշինյանին աղերսում էր տիրություն անել խաղաղությանը: Կինը նախկինում աշխատել է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի համար: Ուշագրավ է, որ այդ կնոջ «թատերական ներկայացման» ժամանակ նրա թիկունքում կանգնած էր 41-րդ դպրոցի տնօրեն Հայաստան Կարապետյանը՝ դպրոցի անձնակազմով:




