Ռոմանոս Պետրոսյանի «կադրը» քանդել է դպրոցն ու արտագաղթել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «2021 թվականի փետրվարին Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ մեկ ավագ դպրոցում դասապրոցեսը խաթարվեց այն բանից հետո, երբ Ռոմանոս Պետրոսյանի տիկնոջ ընկերուհին` Քարմիլե Առաքելյանը նշանակվեց նույն դպրոցի տնօրեն: Բանն այն է, որ տնօրենի հաստիքի համար հայտարարված մրցույթին մասնակցել էին նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանն ու այլ դպրոցում աշխատող ուսուցիչ Քարմիլե Առաքելյանը։ Նրանք երկուսն էլ դպրոցի կառավարման խորհրդի քվեարկությամբ հավաքել էին 4-ական ձայն։ Այդ պարագայում տնօրեն նշանակելու վերջնական որոշումը ԿԳՄՍ նախարարինն է։ Վերջինս ընտրել էր Առաքելյանին, որը ըստ դպրոցի մանկավարժների` Ռոմանոս Պետրոսյանի կնոջ մտերիմն է։
Նշանակումը վրդովվեցրել էր կոլեկտիվին։ Դպրոցում իրավիճակն այնքան էր լարվել, որ այն ժամանակվա Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն՝ իր նախաձեռնությամբ վարույթ էր հարուցել` ստեղծված իրավիճակի առնչությամբ: Շաբաթներ տևած դասադուլից հետո Ռոմանոս Պետրոսյանն ու նրա կադրը հաղթեցին ամբողջ դպրոցին և Առաքելյանը նշանակվեց տնօրեն։ Դրանից հետո դպրոցի ուսուցիչներից մի քանիսը ազատման դիմում էին գրել և հեռացել: Մինչ այդ Աբովյանի թիվ մեկ ավագ դպրոցը քաղաքի ամենամեծ ու հեղինակավոր ավագ դպրոցն էր։ Քարմիլե Առաքելյանի պաշտոնավարման շրջանում դպրոցը սկսեց իր անկումը եւ անգամ աշակերտների քանակը նվազեց:
Դպրոցի նախկին ուսուցիչներից մեկը՝ պատմաբան Հայկ Փայտյանը «Հրապարակին» պատմեց, որ տնօրեն Քարմիլե Առաքելյանը չորս տարի աշխատելուց հետո ընտանիքի հետ միասին արտագաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, նրա փոխարեն տնօրենի ԺՊ է նշանակվել նույն դպրոցի փոխտնօրեն Մարիա Հանիսյանը, որին կոլեկտիվն ու աշակերտները դրական են վերաբերվում: Փասյտյանը մեզ հետ զրույցում ասաց. «Քարմիլե Առաքելյանը եկավ դպրոցը քանդեց ու հեռացավ։ Տպավորություն է, թե իր առաքելությունը դա էր»»:



