Հայաստանը և ՆԱՏՕ-ն կարողացել են ստեղծել ամուր հիմք գործընկերության համար․ Խաչատուրյանը՝ Համիլթոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։

Շնորհավորելով հատուկ ներկայացուցչին նշանակման կապակցությամբ՝ նախագահը բարձր է գնահատել Հայաստան – ՆԱՏՕ հարաբերությունների շարունակական զարգացումը։

«Գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստանը և ՆԱՏՕ-ն իսկապես կարողացել են ստեղծել ամուր հիմք ավելի ամուր գործընկերության համար։ Մենք պահպանում ենք բավականին ակտիվ երկխոսություն և համագործակցություն ՆԱՏՕ-ի և դաշնակից երկրների հետ, և հուսով եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք առավել կընդլայնենք համատեղ նախաձեռնություններն ու ծրագրերը»,- նշել է Հանրապետության նախագահը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար՝ Քևին Համիլթոնը նշել է, որ առավել ջանքեր է գործադրելու Հայաստան – ՆԱՏՕ համագործակցության զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարբեր ձևաչափերում արդյունավետ համագործակցության հնարավորությունները՝ ընդգծելով քաղաքական բարձր մակարդակի երկխոսության դրական դինամիկան։

Մտքեր են փոխանակվել ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքների պաշտպանության ուղղությամբ ջանքերի միավորման կարևորության շուրջ՝ շեշտադրելով ինստիտուցիոնալ զարգացման, օրենքի գերակայության ամրապնդման և կառավարման թափանցիկության բարձրացման ոլորտներում համատեղ աշխատանքի նշանակությունը։ Այս համատեքստում կարևորվել է նաև լավագույն փորձի փոխանակումը և համապատասխան ծրագրերի շարունակական զարգացումը։

Նախագահն ընդգծել է, որ ՆԱՏՕ անդամ առանձին պետությունների հետ Հայաստանի սերտ համագործակցությունը շարունակում է ընդլայնվել՝ ընդգրկելով ինչպես քաղաքական, այնպես էլ պաշտպանական և ռազմական ոլորտներ։ Նրա խոսքով՝ այդ համագործակցությունը կարևոր դեր ունի երկրի կարողությունների զարգացման, բարեփոխումների առաջմղման և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում։

Կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունը և զարգացնելու գործընկերությունը՝ ուղղված խաղաղության, կայունության և անվտանգ միջավայրի ձևավորմանը տարածաշրջանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930