Վստահության ամրապնդումը շարունակելու և իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն. Ալեն Սիմոնյանի ելույթը՝ Ստամբուլում
Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովում: «Արմենպրես»-ը ելույթը ներկայացնում է ամբողջությամբ.
«Տիկի՛ն նախագահող,Ձե՛րդ գերազանցություններ,
Հարգելի՛ գործընկերներ,Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ինձ համար մեծ պատիվ է ընդունել Թուրքիայի հրավերը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից հանդես գալ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովում: Կցանկանայի նշել, որ քննարկվող՝ «Հույսի սերմանում, խաղաղության ապահովում և արդարության երաշխավորում ապագա սերունդների համար» թեմայի կարևորությունը դժվար է գերագնահատել: Թույլ տվեք ասել մի ակնհայտ ճշմարտություն. ծաղկող ներկան և ապագան կառուցվում են հույսի, խաղաղության և արդարության հիմքերի վրա:
Հայաստանի դեպքում հենց այս գաղափարն է ձևավորում մեր քաղաքականությունը և ուղղորդում մեր գործողությունները: Մենք ձգտում ենք այնպիսի ապագայի, որտեղ բոլորը կունենան սոցիալական և տնտեսական բարեկեցության հավասար հնարավորություններ:Բայց ո՞վ է պարզապես երազում ավելի լավ ապագայի մասին և ո՞վ է իրականում այն կերտում: Ապագա սերունդները չեն կարող կառուցել այն աշխարհը, որը ժառանգելու են: Լավագույն դեպքում նրանք կարող են միայն վստահել մեզ, որ մենք խոհեմորեն գործենք իրենց անունից:
Հույսը պահպանում է արդարության հանդեպ մեր ձգտումը և վստահելու կարողությունը: Մեր այսօրվա գործողությունները պետք է ծառայեն այդ վստահության կառուցմանը: Գալիք սերունդները պետք է հավատան, որ խաղաղությունը, որը մենք այսօր կառուցում ենք, տևական է: Չսխալվեք. մեր աշխարհի ճեղքերը խոր ու լուրջ են: Մենք խորապես մտահոգված ենք Իրանում ստեղծված իրավիճակով, և իմ աղոթքներն ուղղված են Իրանի ժողովրդին: Լիբանանի ճգնաժամը ևս չի կարելի անտեսել: Անշուշտ, մեր առջև ծառացած փորձությունը ծանր է:
Սակայն ո՞վ, եթե ոչ մենք, ունենք ուժ և բարոյական պարտավորություն՝ բուժելու մեր աշխարհը:Հայաստանը լիովին ընդունում է իր այդ պատասխանատվությունը: 2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում: Սա, իրապես, մեծագույն նվաճում է: Սակայն մեր տեսլականն ավելի լայն է: Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր և միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում:
Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ: Տասնամյակների անվստահությունից ու թշնամանքից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձեւավորման նոր դարաշրջան է սկսվել: Այս առաջընթացն ամրապնդելու ջանքերն այժմ ուղղված են հաղորդակցությունների ամրապնդմանը եւ տեղում խաղաղությունն արդյունավետորեն իրականության վերածելու ապահովմանը:
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացումը եւս մեկ կարեւոր հանգրվան է: Այս նախաձեռնությունը նպատակ ունի միաժամանակ զարգացնելու տարածաշրջանային կապերը եւ ընդլայնելու միջազգային առեւտրային ուղիները: Հիմնված լինելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավասության սկզբունքների վրա՝ ԹՐԻՓՓ-ն ունի Հարավայի Կովկասում եւ դրա սահմաններից դուրս կայունությունը, տնտեսական համագործակցությունը եւ բարգավաճումը խթանելու ներուժ:
Կարգավորման հուսադրող նշաններն անհերքելի են: Տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտուրը սկսել է ձեւավորվել: Ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան խորհրդանշական եւ գործնական քայլ է տնտեսական կապերի վերականգնման տեսանկյունից: Սրանք խաղաղության արդյունքներն են՝ շոշափելի բարելավումներ, որոնք անմիջականորեն օգուտ են բերում մեր ժողովրդին:Միեւնույն ժամանակ, դեռեւս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն:
Վստահության ամրապնդումը շարունակելու և իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն:
Հարգելի՛ գործընկերներ, Հիմա առաջնահերթությունները սահմանելու ժամանակն է, և ապագա սերունդների բարօրության համար մենք դրանք պետք է ընտրենք իմաստուն կերպով: Եվ ովքե՞ր են հաջորդ սերունդները: Նրանք մեր երեխաներն ու թոռներն են: Մեր սուրբ պարտականությունն է արժանի լինել նրանց՝ թողնելով ոչ թե պատերազմի, այլ խաղաղության ժառանգություն:Շնորհակալություն»:



