Փաշինյանի այցը. Զգացմունքները` մի կողմ

Այցի հիմնական խնդիրն էր՝ ցույց տալ, որ չնայած աճող խնդիրներին և հակասություններին` Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր քաղաքական և տնտեսական գործընկերը, իսկ Փաշինյանն ու նրա շրջապատը նախկինի պես ի վիճակի են երկխոսություն պահպանել Կրեմլի հետ և կառուցողական կերպով լուծել ծագող հարցերը:

Հաջողվե՞ց իրականացնել այս գաղափարը: Հազիվ թե Բանակցությունների թե բաց, թե, ամենայն հավանականությամբ, փակ հատվածները նկատելի առաջընթաց չեն գրանցել, իսկ կողմերի դիրքորոշումներն ու մոտեցումները մի շարք զգայուն հարցերի շուրջ գնալով ավելի են տարբերվում: Մասնավորապես, ռուսական պետության ղեկավարը զրուցակցին ուղղակիորեն հասկացրել է՝ Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրման համատեղումն անհամատեղելի է պաշտոնական Երևանի հայտարարած «եվրոպական» ձգտումների հետ: Վլադիմիր Պուտինը նաև ընդգծել է՝ ՀԱՊԿ-ը կապ չունի Ղարաբաղի հետ, իսկ 2022 թվականի աշնանը Երևանում իրենք են ճանաչել այդ տարածաշրջանը՝ որպես Ադրբեջանի մաս: Մոսկվան կցանկանար Հայաստանում հունիսյան խորհրդարանական ընտրություններին ընդունել ռուսամետ քաղաքական ուժերին, և թեև կոնկրետ ազգանուններ չեն հնչել, հասկանալի է՝ առաջին հերթին խոսքը ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի մասին է: Բացի այդ, հիշատակվել են Հայաստանի համար գազի սակագները, որոնք կարող են վերանայվել ռուս-հայկական հարաբերությունների հետագա դեգրադացիայի դեպքում:

«Հրապարակ» թերթի տեղեկություններով` հրապարակային հայտարարություններին հաջորդած փակ բանակցություններն էլ ավելի «կոշտ» են եղել։ Օրինակ, հայկական կողմին իբր նախազգուշացրել են գործող իշխանությունների հետ կապված բոլոր ձեռնարկությունների, ընկերությունների և նույնիսկ մշակութային-հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների Ռուսաստան մուտքի հնարավոր արգելքի մասին: Այսպես, քննարկվում է Պռոշյանի կոնյակի գործարանի լիցենզիայի գործողությունը կասեցնելու հարցը, որն ապահովում է հայկական ալկոհոլային արտադրանքի մուտքը ռուսական շուկա, իսկ Հյուսիսային Օսիայի քննչական մարմինները վերսկսել են 2024 թվականի փետրվարին Վլադիկավկազում «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած 65-ամյա Օլեգ Գուսովի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը: «Ջերմուկ Գրուպի» համար Ռուսաստանը մնում է ամենամեծ շուկան (վաճառքի մինչև 60%-ը):

Արդյո՞ք նման միջոցառումներն արդյունք կտան, և եթե այո, ապա որո՞նք` բաց հարց է: Ամենայն հավանականությամբ, աջակցություն զգալով դրսից, ընդ որում` ոչ միայն Բրյուսելից և Վաշինգտոնից (հազիվ թե պատահական զուգադիպությամբ Բաքվի փորձագետները Նիկոլ Վովաևիչին գովաբանում են Կրեմլի հետ երկխոսության մեջ «սառնասրտության» համար), Փաշինյանը բավականին վստահ տեսք ուներ։ Պատասխանելով Վլադիմիր Պուտինին` նա, ի թիվս այլ բաների, Հայաստանն անվանել է ժողովրդավարության մոդել, որտեղ բացակայում է սոցիալական ցանցերում որևէ սահմանափակում, իսկ քաղաքական գործընթացի մասնակիցները չեն պահվում «հեռավոր վայրերում»։ Փաշինյանը նաև, ինչպես և սպասվում էր, վերահաստատեց Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության «դեղարաբաղիզացման» ուղեգիծը, որը նորանոր դրսևորումներ ու ձևեր է ստանում:

Ոչ պաշտոնական քննարկումների ընթացքում, ամենայն հավանականությամբ, անդրադարձ է կատարվել նաև երկաթուղային կոնցեսիայի հնարավոր փոխանցմանը ՀԿԵ-ից ղազախստանյան կամ ավելի «աշխարհագրորեն մոտ» գործընկերներին: Եվ հազիվ թե պատահական լինի, որ հաջորդ օրը՝ ապրիլի 2-ին, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մանրամասն պարզաբանումներ տվեց Մոսկվային անհանգստացնող հարցերի վերաբերյալ. «Կոնցեսիայի առաջարկվող վաճառքի արդյունքում հայկական երկաթուղին ոչ միայն կկորցնի ռուսական բեռնափոխադրումները, այլև, ամենայն հավանականությամբ, իր փոխազդեցությունը «Ռուսական երկաթուղիներ»-ի հետ… Այն, ինչ մենք տեսնում ենք երկաթուղու կոնցեսիայի վերելքների և վայրէջքների մեջ, տեղավորվում է Հայաստանի ղեկավարության կողմից հռչակված մերձեցման քաղաքական տրամաբանության մեջ Եվրամիության հետ, որը տնտեսական անկում է ապրում և վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմաքաղաքական դաշինքի։ Արդյո՞ք հայերը ցանկանում են մաս կազմել Ռուսաստանի թշնամական դաշինքին, դա հենց հայերի գործն է: Իսկ մեզ համար ակնհայտ է՝ նրանց դրան պատրաստում են, ինչպես և ակնհայտ են իրադարձությունների նման զարգացման երկարաժամկետ ծանր հետևանքները»:

Արդեն Երևան վերադառնալուց հետո Փաշինյանը Մոսկվա կատարած իր այցը որակեց «շատ հաջող», իսկ ՀՀ ԱԺ նախագահը սպառնաց դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, եթե ռուսական կողմը թանկացնի գազի գինը: Ավելի վաղ նույն Սիմոնյանը հայտարարել էր ադրբեջանական գազ գնելու պատրաստակամության մասին, և չի կարելի բացառել, որ այդ հարցն արդեն մշակվում է՝ որպես ինչ-որ ապահովագրական տարբերակ: Իր հերթին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դրական գնահատական է տվել բանակցություններին.

«Շփումն անկեղծ էր, օգտակար, անհրաժեշտ։ Կողմերը միմյանց են հասցրել իրենց դիրքորոշումները, հատկապես Հայաստանում սպասվող ընտրությունների համատեքստում, առևտրատնտեսական համագործակցության հիմնական հարցերի համատեքստում, որոնք օրակարգում են»:

Ապրիլի 10-ին ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Մոսկվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ: ՌԴ ԱԳՆ մամուլի հաղորդագրության համաձայն` «կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի շուրջ` հաշվի առնելով Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի` Մոսկվայում վերջերս կայացած բանակցությունների արդյունքները»: Հանդիպման ընթացքում, որն անցել է «բարեկամական մթնոլորտում», նշվել է «բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ համատեղ ակտիվ աշխատանքի կարևորությունը, մասնավորապես, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում, ինչպես նաև համագործակցությունն ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակներում»:

Ենթադրվում է՝ իր դիրքորոշումների փոխադարձ մատուցումն ու պարզաբանումը հետագայում ևս շարունակվելու է տարբեր ձևաչափերով` խորհրդարանական ընտրություններից առաջ հայկական ղեկավարության շարունակական մանևրումների խորապատկերին, որոնց արդյունքում իշխող ՔՊ կուսակցության համար չափազանց կարևոր է, եթե չստանա մեծամասնություն, ապա գոնե Ազգային ժողովի ապագա կազմում ձևավորի առավել խոշոր խմբակցություն:

Ռուսաստանի ԿԸՀ նախագահ Էլլա Պանֆիլովան հրավիրված է դիտելու Հայաստանի խորհրդարանի հունիսյան ընտրությունները, իսկ սեպտեմբերին կհաջորդի նրա հայ գործընկերոջ պատասխան այցը ՌԴ Պետդումայի ընտրություններին: Մոսկվան, հավանաբար, պատրաստ է ընդունել հայ ժողովրդի ցանկացած ընտրություն, բայց հազիվ թե համաձայնեն Կովկասում տարածաշրջանային հավասարակշռության փոփոխությանը ոչ իրենց օգտին։

Անդրեյ Արեշև, քաղաքագետ

infoshos.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930