Կա միայն մեկ առաջնորդ, ով կարող է պատերազմի վախը փոխել մնայուն խաղաղությամբ. Ալիկ Ալեքսանյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյան Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ընգծել է՝ մարդիկ այստեղ հավաքվել են, քանի որ այլևս չեն ուզում լռել։
«Մենք այստեղ ենք, որովհետև մեր ձայնը կարևոր է, և եկել է այն պահը, երբ այդ ձայնը պետք է հնչի բարձր ու հստակ։ Լռելու ժամանակը վերջացել է։ Եթե չեք ուզում ապրել պատերազմի վախի մեջ, եթե չեք ուզում ապրել մի երկրում, որտեղ կան քաղբանտարկյալներ, եթե չեք ուզում տեսնել, թե ինչպես են մեր վանքերը վանդալիզմի ենթարկվում, իսկ հայերը շարունակում են մնալ բանտերում Բաքվում, ապա այլևս սպասելու ժամանակ չկա։ Եթե չեք ուզում պարզապես գոյատևել, այլ ուզում եք ապրել արժանապատիվ, եթե հոգնել եք աղքատությունից ու անորոշությունից, ապա պետք է բարձրաձայնեք փոփոխության պահանջը», – ասել է Ալեքսանյանը։
Նրա խոսքով, եթե հոգնել եք պառակտումից, երբ մարդկանց բաժանում են, երբ եղբորը կանգնեցնում են եղբոր դեմ և երկիրը տանում են ներքին բախումների վտանգի ուղղությամբ, ապա պետք է գործենք հիմա, ոչ թե վաղը։
«Եթե ուզում եք Հայաստան, որը կլինի խաղաղ, բայց արժանապատիվ, ուժեղ, բայց միավորված, հարգված ու բարեկեցիկ, ապա պետք է ընտրենք փոփոխությունը։ Կա առաջնորդ, ով կարող է կանգնեցնել Նիկոլ Փաշինյանին։ Կա առաջնորդ, ով կարող է փոխել այս իրավիճակը, վերականգնել վստահությունը և երկիրը դուրս բերել այս վիճակից։ Բռնապետությունից դեպի իրական ժողովրդավարություն անցնելու համար կա առաջնորդ, ով կարող է վախը փոխարինել կայուն խաղաղությամբ։ Նրա անունն է Սամվել Կարապետյան։
Սամվել Կարապետյանը ներկայացնում է մեզ բոլորիս։ Նա պայքարում է մեզ համար և կլինի այն ղեկավարը, ով կծառայի ժողովրդին, ոչ թե իրեն։ Այսօր ընտրությունը ձեր ձեռքերում է, Հայաստանի ապագան ձեր ձեռքերում է։ Մի՛ թողեք, որ այն որոշեն ուրիշները։
Գնացե՛ք ընտրության՝ հանուն ձեր երեխաների, հանուն ձեր ընտանիքների, հանուն Հայաստանի։
Պահանջե՛ք փոփոխություն, փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի հետ։ Եվ միասին ասենք՝ Սամվել Կարապետյան՝ վարչապետ։ Մենք ուզում ենք իրական փոփոխություններ։ Տեսնում ենք, թե ինչ է կատարվում՝ գներ, դժվարություններ, ճնշումներ։ Պետք է փոքր բիզնեսին հնարավորություն տալ շնչելու, պետք է ունենալ ուժեղ առաջնորդ։ Ժամանակն է գործելու։ Եվ այդ փոփոխությունը առաջնորդ ունի՝ Սամվել Կարապետյանը», – հայտարարել է Ալեքսանյանը։



