Իրանի ԱԳ նախարարը դիմել էր ԱՄՆ-ին՝ պետք է ընտրություն կատարվի հրադադարի կամ Իսրայելի միջոցով պատերազմի շարունակության միջև. Ոսկանյան
«Իրան-ԱՄՆ փխրուն հրադադարը լուրջ վտանգի տակ է, և դրա տապալման նախաձեռնողը, դժվար չէ կռահել, որ իսրայելական կողմն է»,- թելեգրամյան իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ շարունակելով. «Լիբանանի վրա չդադարող հարձակմանը հաջորդել է նաև օդային հարված իրանական Լավան կղզուն, որին ի պատսխան, Իրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին՝ պատճառելով լուրջ վնասներ։
Լիբանանում շարունակվող իսրայելական հարձակումներին ի պատասխան, կրկին փակվել է Հորմուզի նեղուցը, քանի որ իրանական կողմը պնդում է, որ Պակիստանի վարչապետը հստակ հայտարարել է հրադադարի մասին բոլոր ճակատներում…
Իրանի ԱԳ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցում կիսվել է Պակիստանի վարչապետ Շարիֆի՝ հրադադարի մասին գրառմամբ, որտեղ ընդգծված է, որ Լիբանանում ևս պետք է դադարեն ռազմական գործողությունները։
Իրանի ԱԳ նախարարը դիմել էր ԱՄՆ-ին`նշելով, որ պետք է ընտրություն կատարվի հրադադարի կամ Իսրայելի միջոցով պատերազմի շարունակության միջև։



