Իրանը փոխանցել է հրադադարի իր պահանջները միջնորդական ուղիներով. ԱԳՆ խոսնակ
Իրանը ձևակերպել է իր դիրքորոշումներն ու պահանջները՝ ի պատասխան միջնորդների միջոցով վերջերս ներկայացված հրադադարի առաջարկների։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին ապրիլի 6-ին հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ հավելելով, որ բանակցությունները «անհամատեղելի են վերջնագրերի և պատերազմական հանցագործություններ իրականացնելու սպառնալիքների հետ»։
Բաղային հայտնել է, որ Թեհրանն ունի մի շարք պահանջներ, որոնք հիմնված են իր ազգային շահերի վրա և արդեն փոխանցվել են միջնորդական ուղիներով՝ հավելելով, որ ԱՄՆ-ի նախկին պահանջները, ինչպիսին է 15 կետանոց ծրագիրը, մերժվել են «չափազանց» լինելու պատճառով։
«Իրանը չի տատանվում հստակ արտահայտել այն, ինչ համարում է իր օրինական պահանջները, և դա չպետք է մեկնաբանվի որպես փոխզիջման նշան, այլ որպես իր դիրքորոշումները պաշտպանելու վստահության արտացոլում», – ասել է Բաղային ճեպազրույցի ընթացքում։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ կապված Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար հաստատելու ջանքերի հետ՝ Բաղային ասել է, որ իրանական կողմը մշակել է իր սեփական պատասխանները՝ խոստանալով մանրամասները ներկայացնել ժամանակին։
Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն, Իրանը և տարածաշրջանային միջնորդները քննարկում են հնարավոր 45-օրյա հրադադարի պայմանները, որը կարող է հանգեցնել հակամարտության վերջնական ավարտի: Բանակցություններն անցկացվում են Պակիստանի, Եգիպտոսի ու Թուրքիայի միջնորդությամբ, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահի բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջև տեքստային հաղորդագրությունների միջոցով։Axios-ը հաղորդում է, որ միջնորդներն իրանցի պաշտոնյաներին ասել են, որ մանևրելու համար քիչ ժամանակ է մնացել, և որ առաջիկա երկու օրերը կարող են ներկայացնել «վերջին հնարավորությունը»՝ խուսափելու լուրջ սրացումից։



