Լուկաշենկոն և Կիմ Չեն Ընը պայմանագիր են ստորագրել Բելառուսի և ԿԺԴՀ-ի միջև բարեկամության և համագործակցության շուրջ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ստորագրել են երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության պայմանագիր: Այդ մասին հաղորդում է ԲելՏԱ գործակալությունը։
Փաստաթղթի ստորագրումը դարձել է Բելառուսի և ԿԺԴՀ-ի ղեկավարների միջև պաշտոնական բանակցությունների կարևոր արդյունքներից մեկը։
Ալեքսանդր Լուկաշենկոն այս փաստաթուղթը համարել է հիմնարար, քանի որ այնտեղ հստակ շարադրված են երկու երկրների փոխգործակցության նպատակներն ու սկզբունքները, սահմանված են ապագա փոխշահավետ գործընթացների ինստիտուցիոնալ շրջանակները։
«Նոր միջպետական պայմանագիրը լինելու է այն իրավական հիմքը, որը հետագայում կերաշխավորի երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը», – ասել է Կիմ Չեն Ընը փաստաթղթի մասին։
Ավելի վաղ Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը լրագրողներին պարզաբանել էր, որ այս պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը թույլ կտա ավելի ակտիվորեն զարգացնել հարաբերությունները։
«Առկա է ուղղությունների մի ամբողջ համալիր, որոնք հետաքրքրում են և՛ բելառուսական, և՛ կորեական կողմին։ Դրանք բոլորն արտացոլված են բարեկամության շուրջ համապատասխան պայմանագրում, որը ստորագրելու են մեր երկրների ղեկավարները: Եվ այս պայմանագրի հիման վրա արդեն կզարգացնենք շփումները ճյուղային նախարարությունների և գերատեսչությունների միջև», – ասել էր ԱԳ նախարարության ղեկավարը։



