Թրամփը հույս ունի ավարտել Իրանի հետ հակամարտությունը առաջիկա շաբաթներին. լրատվամիջոցներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր մերձավոր շրջապատին հայտնել է, որ ցանկանում է խուսափել Իրանի հետ երկարատև հակամարտությունից և հույս ունի այն լուծել առաջիկա շաբաթներին: Սպիտակ տանը հույս ունեն, որ դա տեղի կունենա ամերիկացի առաջնորդի՝ Պեկին կատարելիք այցից առաջ, գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Իրավիճակին ծանոթ աղբյուրների համաձայն՝ պատերազմի սկսվելուց գրեթե մեկ ամիս անց (ԱՄՆ – խմբ.) նախագահը խորհրդականների հետ մասնավոր զրույցում ասել է, որ, իր կարծիքով, հակամարտությունը (Իրանի հետ – խմբ.) գտնվում է իր վերջին փուլում»,- գրում է պարբերականը:
Աղբյուրների խոսքով՝ Թրամփը կոչ է արել խորհրդականներին պահպանել իր կողմից հրապարակավ սահմանված չորսից վեց շաբաթվա ժամանակացույցը։
Մի քանի աղբյուրների համաձայն, Սպիտակ տան պաշտոնյաները մայիսի կեսերին Պեկինում պլանավորել են Թրամփի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հանդիպումը՝ հույս ունենալով լուծել Իրանի հետ հակամարտությունը գագաթնաժողովից առաջ։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը հայտարարել էր, որ Թրամփը մայիսի 14-15-ը կայցելի Պեկին՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններ վարելու համար։



