Հրանուշ Խառատյանը` Հովիկ Աբրահամյանին և Տիգրան Սարգսյանին. «Պարոնայք, դուք հասել եք ձեր նպատակին»

«Շարունակվում է Հայաստանում այն խնդիրը, թե լրատվամիջոցները, բացասական տեղեկություններ տալով, հասարակության մեջ ավելացնում են դժգոհության ալիքը:

Ուզում եմ տեսնենք` ի՞նչ տեղեկություն պետք է տան լրատվամիջոցները, որ չեն տալիս»,- այսօր Ազատության հրապարակում` Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնության հերթական երկշաբաթյան հավաքին, հարց հնչեցրեց Նախախորհրդարանի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Այս համատեքստում նա հիշեցրեց, որ այսօր օրվա գլխավոր թեման է դարձել Գորիսում Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը` նշելով, որ դա ամենացավալի դեպքերից մեկն է, քանի որ «մարզպետի տան մոտ ավելի քան 1 ժամ ջարդի ու սպանության գործողություններ են տեղի ունենում և այնտեղ չի հայտնվում պետական որևէ ինստիտուտներից մեկի ներկայացուցիչը, և ամբողջը քաղաքացիների վրա է, ինչպես պետական մյուս գործառույթները»:

Շարունակելով Հրանուշ Խառատյանն անդրադարձավ հասարակական հնչեղություն ստացած մեկ այլ հարցի` կարկուտից տուժած գյուղացիների խնդրին:

Կարդացեք նաև

«Խնդիրը հասել նրան, որ մեր Ազգային ժողովի նախագահը հանկարծ հիշել և բարձրաձայն ասել է, որ մանր, կարճաժամկետ և բարձր տոկոսներով վարկերը «ընդունելի չեն բիզնես զարգացման համար»: Ես կասեի` ինչպե՞ս է կարողացել այդպիսի մեղմ և հեշտ գնատահական գտնել հանցագործությանը, որովհետև մեր բանկերն իրականում վաշխառուական վարկերով են տալիս այս կարճաժամկետ «բիզնես» կոչվող վարկերը, որոնք իրականում բիզնես չեն, իրականում դրանց մի զգալի մասը խոպան գնալու փող են»,- հայտարարեց տիկին Խառատյանը:

«Բացի նրանից, որ այսպիսի վարկերով արդեն լրիվ կողոպտվել է մեր բնակչության ունեցած պահուստային ոսկեղենը, իրենց տները, անասունները, որոնք գրավի պայմաններով հանձնվել են, սնանկացե´լ են, հիմա արդեն համարյա մարդ չի մնացել գերսնանկացած և լյումպենացված բնակչությունից, և հանկարծ հիշվեց, որ էդ վարկերով մենք տնտեսության զարգացում չենք խթանում: Ես ուզում եմ այստեղից պարոն Հովիկ Աբրահամյանի, ֆինանսատնտեսական քաղաքականության, բանկային համակարգի մեծ սիրահար մեր վարչապետ Տիգրան Սարգսանի ականջին չշշնջալ, այլ բարձրաձայն ասել` պարոնայք, արդեն սնանկացվել է, այս մարդիկ այնքան են արդեն լյումպենացվել, որ այլևս տեղ չունեն ընդհանրապես ողնաշար ուղղելու, դուք հասել եք ձեր նպատակին»,- հայտարարեց Հրանուշ Խառատյանը:

Ըստ Նախախորհրդարանի ներկայացուցչի` այս գնահատականը համապատասխանում է նաև երեկ ԱԺ-ում ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կողմից «բյուջեի թալանի» վերաբերյալ հաշվետվությանը:

«Ինքը ներկայացրեց 70 մլրդ դրամ, ես գիտեմ, բոլորս գիտենք, որ անշուշտ, շատ ավելին է, բայց խնդիրը նույնիսկ սա չէ: Հանկարծ պարզվեց, որ Ազգային ժողովում կան մարդիկ, որ չգիտեն այդ մասին, հանկարծ զարմացան: Կարծում եմ` այս հրապարակում չկան մարդիկ, որ դրանից զայրանան: Այս հրապարակում կան մարդիկ, որ դրա դեմ լուծում են փնտրում, բայց չեն զայրանում և չեն զարմանում»,- ասաց Հրանուշ Խառատյանը` իր ելույթը ավարտելով նույն հռետորական հարցով. «Խնդրում եմ` ասեք, ի՞նչ գրեն լրատվամիջոցները, որ մեր բնակչության տրամադրությունը բարձրանա»:

Տեսանյութեր

Լրահոս