Հակահամաճարակային միջոցառումներ՝ Հայաստան-Վրաստան սահմանին

Հայաստան-Վրաստան սահմանային անցակետերում այս օրերին Առողջապահության նախարարության աշխատակազմի Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը հակահամաճարակային միջոցառումներ է իրականացնում: Պատճառը հարևան Վրաստանում կարմրուկի համաճարակն է:

Այս շրջանում Վրաստանից Հայաստան ժամանած մի քանի անձինք 168.am-ին պատմեցին, որ սահմանն անցնելիս իրենցից հետաքրքրվել են միայն իրենց որպիսության մասին: Ոմանք էլ ասում էին, որ սահմանն անցնելիս իրենք բուժաշխատողների են տեսել, սակայն վերջիններս իրենցից ոչինչ չեն հարցրել, ոչնչի մասին չեն խոսել:

Այս հարցերի, ինչպես նաև՝ Հայաստանում կարմրուկի դեպքերի մասին զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ:

– Տիկին Սահակյան, անցակետերում կատարվող հակահամաճարակային միջոցառումներն ի՞նչ գործողություններ են ենթադրում:

Կարդացեք նաև

– Առաջին հերթին՝ դա իրենց աշխատանքն է: Մոտենում են ուղևորներին, կատարվում է ուղևորների զննում՝ կասկածելի ախտանշանները հայտնաբերելու համար. ջերմություն, ընդհանուր թուլություն, կոկորդի ցավ, աչքերի բորբոքում, հազ, ցան: Դրանք բոլորը կասկածելի ախտանշաններ են, որոնցով կարող ենք վաղաժամ հայտնաբերել հիվանդներին: Այս զննումը նպատակ չի հետապնդում ներկրված դեպքերի մուտքը Հայաստան խոչընդոտել կամ կանխարգելել: Միևնույն է՝ մարդը եթե գաղտնի շրջանում հիվանդության ոչ մի ախտանշան չունենա ու անցնի սահմանը, այդ դեպքերը մենք չենք կարող հայտնաբերել, ու, երբ մարդը գնա իր բնակության վայրը, այդ ախտանշանները կդրսևորվեն այնտեղ: Այդ բոլոր ուղևորներին ներկայացվում է, թե կարմրուկի կասկածելի ախտանշանները որոնք են, և զգուշացվում է, որ դրանց դրսևորման դեպքում անմիջապես դիմեն իրենց տարածքային պոլիկլինիկա: Մեր գործառույթը սա է՝ վաղաժամ հենց սահմանի վրա անմիջապես հայտնաբերել, որպեսզի կոնտակտավորների շրջանում արդեն սկսենք մեր միջոցառումները՝ տարածում չստանալու համար, հիվանդին մեկուսացնենք, եթե անհրաժեշտություն կա՝ հոսպիտալացնենք:

– Վրաստան-Հայաստան սահմանն անցած մի քանի անձ մեզ պատմեցին, որ բուժաաշխատողները հետաքրքրվել են միայն իրենց որպիսության մասին, մի քանիսն էլ ասացին, որ իրենցից վերջիններս ոչինիչ չեն հարցրել, որևէ միջոցառում չեն իրականացրել:

– Մենք ինքներս էլ ենք պարբերաբար հսկողություն սահմանում, պատահական գնում ենք, տեսնում ենք՝ իրոք աշխատանք տարվո՞ւմ է, թե՞ ոչ: Կոնկրետ այս պահին խումբ է գնացել մոնիտորինգի բոլոր սահմանային կարանտինային կետեր: Պատահական հարցնում են մեքենայի մեջ նստած մեկին, ասենք՝ մեքենայում մստած 4 հոգի կա, մեկին հարցվում է, իսկ այն մյուսները կամ լռում են, կամ ոչինչ չեն պատասխանում, բայց դա չի նշանակում, թե հարցը նրանց ուղղված չէ: Եթե ինչ-որ բան լինի, նրանք էլ պիտի պատասխանեն: Ճիշտ չէ: Թեկուզ հարցման տեխնիկան: 4 հոգի նստած են, ամեն մեկի հո չե՞ս հարցնի՝ դու այս ախտանիշն ունե՞ս: Ընդհանուր հարցվում է՝ ինչպե՞ս է առողջությունը, այս-այս ախտանշանները եղե՞լ են, եթե երեխա կա, երեխան պատվաստում ունի՞: Եթե երեխային ուղեկցող անձինք նշում են, որ նա պատվաստված չէ, բայց գալիս է Հայաստան, մենք այդ երեխաներին դիտում ենք՝ որպես պոտենցիալ վարակի աղբյուր, ցուցակային արվում է, հաղորդում ենք համապատասխան պոլիկլինիկային՝ ըստ բնակության վայրի: Այդ պոլիկլինիկան կարմրուկի գաղտնի տևողությամբ հսկողություն է սահմանում երեխայի առողջության նկատմամբ: Դարձյալ ոչ թե ներկրումը կանխելու, այլ դեպքը վաղաժամ հայտնաբերելու համար:

– Ձեր խոսքում ասացիք, որ պարբերաբար սահմանային կետ են այցելում մոնիտորինգային խմբեր՝ աշխատանքները ստուգելու համար: Այս ընթացքում մոնիտորինգային խումբը խախտումներ հայտնաբերե՞լ է:

– Այդպիսի բան մենք չենք հայտնաբերել, բայց ուժեղացրել ենք այդ մարդկանց կադրային հագեցվածությունը: Օրինակ՝ Բագրատաշենի հոսքը բավական մեծ է, հատկապես հիմա, երբ ամառ է, մարդիկ ավելի շատ են տեղաշարժվում: Մենք տարբեր վայրերից լրացուցիչ կադրեր ենք ներգրավել այդ աշխատանքում, որպեսզի շուրջօրյա հերթապահությունն ամբողջովին կարողանանք ապահովել:

– Կարմրուկի դեպք հայտնաբերելու դեպքում հիվանդն օգտվում է անվճա՞ր, թե՞ վճարովի բժշկական օգնությունից:

– Միանշանակ՝ անվճար բուժօգնությունից: Նույնիսկ դեպքը, երբ երկու երեխաները կարմրուկը ներկրել էին, նրանք հոսպիտալացվեցին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, և նրանց բուժումը կատարվեց լրիվ անվճար:

– Հայաստանից Վրաստան գնացող անձանց վարակից խուսափելու համար ի՞նչ խորհուրդ եք տալիս:

– Հայաստանից մեկնող անձանց համար մենք սահմանափակող որևէ դրույթ չունենք, այսինքն՝ այն կարծիքը, որ մարդկանց շրջանում շրջանառվում է, թե եթե նախարարությունը խորհուրդ է տալիս պատվաստումներ անել, ուրեմն դա ենթադրում է, որ պատվաստում չունենալու դեպքում սահմանի վրա միգուցե տեղեկանք կպահանջվի կամ չի թողնվի. նման բան չկա: Մենք ուղղակի քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ այդպիսի վտանգ կա, որ եթե մարդը մտածում է իր առողջության մասին, կարող է դիմել տարածքային պոլիկլինիկա, այնտեղ, որտեղ հաշվառված է, և եթե պատվաստում չունի, եթե նախկինում չի հիվանդացել, եթե չի հիշում, բժշկական փաստաթղթերում չկան ամրագրված փաստեր հիվանդացման, պատվաստման մասին, և ստանալ պատվաստում: Բոլոր դեպքերում մենք պոլիկլինիկաներին հրահանգել ենք, որ ոչ մի քաղաքացի դժգոհ չհեռանա, նույնիսկ, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ:

– Պատվաստվելու ցանկություն ունեցող անձինք որոշակի գումա՞ր պետք է վճարեն:

– Պատվաստումը ևս անվճար է: Դա կամավոր հիմունքներով է: Եթե մարդը պատվաստվելու ցանկություն է հայտնում, մենք նրան բացատրում ենք, որ դա իր առողջության համար վնաս չէ, եթե մարդու մոտ պաշտպանողական համակարգը զարգացած է, կան կարմրուկի դեմ բավարար մակարդակով հակամարմիններ, դա ընդամենը խթանում է իմունիտետի համակարգը, եթե պաշտպանությունը պակաս մակարդակով է, խթանում է և ավելացնում: Եթե՝ ոչ, ապա ոչ մի ազդեցություն չի թողնում: Բայց այդ պատվաստումն առողջության համար բացարձակ վտանգավոր չէ:

– Վերջին օրերին խոսվում էր Հայաստանում գրանցված կարմրուկի 3 դեպքերի մասին: Նոր դեպքեր ունե՞նք, թե՞ թիվը նույնն է:

– Մենք արդեն ունենք 4-րդ դեպքը: 49 տարեկան, ով կրկին հիվանդի հետ է շփվել: Վարակը եկել է Վրաստանից: Բոլոր 4 դեպքերի վարակի աղբյուրը Վրաստանից է եղել: Հիվանդը հոսպիտալացված չէ: Առհասարակ բոլորի մոտ էլ թեթև է ընթացել: Բարդություններ չունենք: Ուղղակի 5 և 3 տարեկան երեխաները լրացուցիչ զգուշություն ցուցաբերելու համար հոսպիտալացվել են, քանի որ երեխաները ռիսկային խմբում են:

Տեսանյութեր

Լրահոս