ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԵՐ, ԱՄՈԹ Է, ՁԵՐ ՇԵՖԻՆ ԳՈՆԵ ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵՐՄԻՆՆԵՐԸ ՍՈՎՈՐԵՑՐԵՔ, ՈՐ ՍՏԻՊՎԱԾ ՉԼԻՆԻ ԱՎՏՈԲՈՒՍՈՒՄ ՊԱՐԵԼՈՎ ԻՐ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ

Կառավարությունը հայտարարում է, թե առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը 2026 թվականի հունվարի 1-ից մեկնարկել է, ընդունվել է 58 օրենսդրական փաթեթ, առաջին փուլում ներառվել է շուրջ 1,6 մլն քաղաքացի, և առողջապահական համակարգում արձանագրվել են զգալի հաջողություններ։ Սակայն ներկայացված նույն տվյալների մեջ կան հարցեր, որոնք չեն կարող անպատասխան մնալ։

Այս մասին 168TV-ի «Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ խոսեց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:

«Նախ՝ հայտարարվում է, թե բժշկական ծառայությունների հասանելիությունն ու որակը բարելավվել են, բայց միաժամանակ մանկական մահացության ցուցանիշները վատթարացել են․ մինչև 1 տարեկան երեխաների մահացությունը 2025 թվականին կազմել է 6,8 պրոմիլ, մինչդեռ 2024 թվականին եղել է 6,2 պրոմիլ։ Մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը ևս աճել է՝ 7,4-ից դառնալով 8,2 պրոմիլ։ Այսինքն՝ այն ոլորտում, որտեղ պետությունը պետք է առավել զգայուն լինի, բարելավման մասին հայտարարությունները չեն հաստատվում»,- իրավիճակը ներկայացրեց առողջապահության ոլորտի փորձագետը:

Վերջինս հավելեց՝ անպտղության հաղթահարման ծրագրի մասով կրկին ներկայացվում են թվեր, որոնք ավելի շատ հարց են առաջացնում, քան պատասխան տալիս։ Արձանագրվել է 7,722 շահառու, 1,307 հղիություն, բայց ծնվել է ընդամենը 561 երեխա։
«Եթե սա ներկայացվում է՝ որպես հաջողություն, ապա պետք է հստակ բացատրվի՝ քանի՞ բուժական ցիկլ է իրականացվել, քանի՞սն է ավարտվել ծնունդով, և ինչո՞ւ շահառուների ընդհանուր թվի համեմատ վերջնական արդյունքն այդքան ցածր է»,- ասաց Անուշ Պողոսյանը:

Կարդացեք նաև

Փորձագետը նկատեց՝ ուռուցքաբանության և սքրինինգների մասով նույնպես պատկերը միանշանակ չէ:

«Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգներն աճել են, բայց կոլոռեկտալ քաղցկեղի փորձարարական ծրագրի հետազոտությունները նվազել են՝ 2024 թվականի 5,187-ից հասնելով 4,404-ի։ Այսինքն՝ անգամ կանխարգելման ոլորտում բոլոր ուղղություններով առաջընթաց չկա։ Թվարկեմ հաջորդները՝

Չորրորդ՝ սիրտ-անոթային վիրահատական ծառայությունների մասով կառավարությունը խոսում է ընդլայնումից, բայց ներկայացված տվյալներով ընդհանուր վիրահատական ծառայությունները նվազել են՝ 2024 թվականի 15,305-ից հասնելով 13,940-ի։ Այո, Stent for Life ծրագիրն աճել է, բայց ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ ամբողջական աճի փոխարեն՝ այստեղ ունենք հատվածական առաջընթաց և ընդհանուր նվազում։

Հինգերորդ՝ օրգանների փոխպատվաստման ծառայությունները ևս նվազել են՝ 83-ից հասնելով 71-ի։ Եթե համակարգն իսկապես ավելի հասանելի ու զարգացած է դարձել, ինչո՞ւ են որոշ բարձր մասնագիտացված ծառայությունների թվերը հետընթաց արձանագրում։

Վեցերորդ՝ հայտարարվում է, թե 2025 թվականին ավարտվել է 14 հաստատության կառուցում կամ վերակառուցում, իսկ 40 հաստատությունում գործընթացը մեկնարկել է, բայց կրկին չի նշվում՝ որո՞նք են այդ հաստատությունները, որտե՞ղ են գտնվում, ինչպիսի՞ աշխատանքներ են կատարվել, որքա՞ն ֆինանսավորում է հատկացվել յուրաքանչյուրին, և ի՞նչ չափելի արդյունք է ակնկալվում դրանցից։ Առանց այս մանրամասների՝ «14 ավարտված» և «40 ընթացքի մեջ» ձևակերպումներն ընդամենը տպավորություն ստեղծող թվեր են։

Յոթերորդ՝ առողջության համընդհանուր ապահովագրության մասով ներկայացվում է, թե համակարգը ներառում է սոցիալական տարբեր խմբերի և բարձր եկամուտ ունեցողների, սակայն բաց չի ներկայացվում ամենակարևորը՝ որքա՞ն գումար է իրականում հավաքագրվել, որքա՞նն է պետության սուբսիդիան, որքա՞ն է վճարվել ծառայությունների դիմաց, ինչքա՞ն է վարչական ծախսը, և արդյոք համակարգը ֆինանսապես կայո՞ւն է, թե՞ միայն մեկնարկել է առանց երկարաժամկետ հաշվեկշռի։

Այս ամենից հետո ակնհայտ է՝ կառավարությունը փորձում է թվերի մեծ փաթեթը ներկայացնել՝ որպես անվիճելի հաջողություն, մինչդեռ նույն թվերը ցույց են տալիս, որ առողջապահության համակարգում կան լուրջ հակասություններ, թերի հաշվետվողականություն և ոլորտներ, որտեղ առաջընթացի փոխարեն՝ արձանագրվել է վատթարացում։

Քաղաքացին իրավունք ունի լսելու ոչ թե ընդհանուր գովազդային ձևակերպումներ, այլ հստակ պատասխաններ․ եթե ամեն ինչ այսքան հաջող է, ինչո՞ւ են մանկական մահացության ցուցանիշներն աճել, ինչո՞ւ որոշ առանցքային ծրագրերում ծառայությունների ծավալները նվազել են, ինչո՞ւ անպտղության ծրագրի վերջնական արդյունքները շարունակում են հարցեր առաջացնել, և ինչո՞ւ առողջության համընդհանուր ապահովագրության ֆինանսական իրական պատկերն ամբողջությամբ չի հրապարակվում»,- եզրափակեց Անուշ Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031