Բաժիններ՝

Ղազախստանում հանրաքվեի մասնակիցների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել նոր սահմանադրությանը

Ղազախստանում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով երկրի նոր սահմանադրությանը կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների 87.18 տոկոսը կամ 7 միլիոն 954 հազար 667 մարդ։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քվեարկության արդյունքները ներկայացրել է Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև հայտնել է, որ երկրի նոր Սահմանադրության հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է 9 միլիոն 127 հազար 192 մարդ կամ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների 73.12%-ը։

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել էր հանրաքվեի քարոզարշավին ակտիվորեն մասնակցած երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և անդրադարձ կատարել քվեարկության դրված փաստաթղթի կարևորությանը:

«Այս օրը, անկասկած, ընդմիշտ կմնա երկրի տարեգրքերում։ Այսուհետ մարտի 15-ը կնշվի որպես Սահմանադրության օր։ Ես կարդացել եմ բազմաթիվ երկրների սահմանադրություններ և վստահորեն կարող եմ ասել, որ մեր հիմնական օրենքը ամենաառաջադեմներից է», – ասել է Տոկաևը։

Ղազախստանի նախագահը շեշտել է, որ նոր սահմանադրությունը հիմնականում կենտրոնացած է երիտասարդության վրա, նրանում առկա են այնպիսի կարևոր հասկացություններ, ինչպիսիք են կամավորությունը, գիտությունը, նորարարությունը և արհեստական ​​բանականությունը։

«Կատարվել է լայնածավալ արշավ։ Մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու։ Այս ամռանը խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, և մենք պետք է դրանք անցկացնենք միասնական՝ որպես մեկ երկիր։ Ես կարծում եմ, որ նոր խորհրդարանը պետք է լինի երիտասարդների խորհրդարան»,-հայտարարել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Ղազախստանում նոր սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն անցկացվել է մարտի 15-ին՝ տեղական ժամանակով 7:00-ից մինչև 20:00-ն:

Հանրաքվեում Ղազախստանի քաղաքացիներին տրվել է մեկ հարց. «Դուք ընդունո՞ւմ եք Ղազախստանի Հանրապետության նոր սահմանադրությունը, որի նախագիծը լրատվամիջոցներում հրապարակվել է 2026 թվականի փետրվարի 12-ին»։

Քվեաթերթիկն առաջարկել է պատասխանի երկու տարբերակ՝ «Այո՛, ընդունում եմ» կամ «Ո՛չ, չեմ ընդունում»։

Նոր սահմանադրության տարբերակի առանձին գլուխների կամ հոդվածների համար առանձին քվեարկություն նախատեսված չի եղել։ Այն պարզապես ընդունվել կամ մերժվել է ամբողջությամբ։

Սահմանադրության նախագծի տեքստը ղազախերենով և ռուսերենով, ինչպես նաև աուդիո տարբերակը հասանելի է եղել բոլոր ընտրատեղամասերում։

Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ նոր սահամանդրության վերաբերյալ հանրաքվեին մասնակցելու հնարավորություն ուներ ավելի քան 12 միլիոն ընտրող։

Հանրաքվեի ընթացքը վերահսկելու համար հավատարմագրվել էին 359 միջազգային դիտորդներ և 206 օտարերկրյա լրագրողներ։ Բացի այդ, 54 երկրներում բնակվող կամ ճանապարհորդող Ղազախստանի քաղաքացիները հանրաքվեին մասնակցելու հնարավորություն են ունեցել ընդհանուր առմամբ 71 ընտրական հանձնաժողովներում, որոնք ստեղծվել են Ղազախստանի դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններում։

Ընդհանուր առմամբ փոփոխությունները վերաբերում են երկրի հիմնական օրենքի տեքստի 84 տոկոսին։

Հիմնական փոփոխությունները ներառում են երկպալատ խորհրդարանից անցումը միապալատ խորհրդարանի և սահմանադրության գերակայության ամրագրումը միջազգային պայմանագրերի նկատմամբ: Ռուսերենի կարգավիճակը երկրում մնում է անփոփոխ և ոչ պաշտոնական:

Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է, որ Ղազախստանի նախագահը կարող է ընտրվել 7 տարվա ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։

Նոր սահմանադրության ընդունման պայմաններում գործող խորհրդարանը կդադարեցնի լիազորությունները հուլիսի 1-ից։ Արդեն նոր՝ մեկպալատանի խորհրդարանի ընտրությունները կարող են նշանակվել հուլիսին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս