ԻՀՊԿ-ն իրականացրել է «ճշմարիտ խոստում – 4» գործողության 48-րդ ալիքը. հարվածներ են հասցվել Գոլաններին, Հայֆային

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) իրականացրել է «Ճշմարիտ խոստում-4» գործողության 48-րդ ալիքը։ Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, սա պատասխան քայլ էր ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններին։ Գործողության ընթացքում Իրանը բալիստիկ հրթիռների և հարվածային անօդաչու թռչող սարքերի մեծ զինանոց է կիրառել՝ թիրախավորելով ինչպես Իսրայելում, այնպես էլ ողջ տարածաշրջանում գտնվող օբյեկտները։

ԻՀՊԿ հայտարարության համաձայն՝ պատասխան հարվածների նոր ալիքն ուղղված է եղել Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Գալիլեային, Գոլանին և Հայֆային, ինչպես նաև տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։

Գործողությունը հաջողությամբ իրականացվել է «Խայբար-շեկան» պինդ վառելիքային հրթիռների, «Քադր» հեղուկ վառելիքային հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, ասված է ԻՀՊԿ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և ներխուժել հարավային Լիբանան:

Տեսանյութեր

Լրահոս