Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմը փոխելու է թե՛ Իրանի մասին քաղաքական ընկալումները, թե՛ ԱՄՆ-ի, այդ թվում՝ Հարավային Կովկասում․ վերլուծաբան
Մինչ Մերձավոր Արևելքում շարունակվում է Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմը, խոսակցությունների ֆոնին, որ պատերազմը չի ընթանում ամերիկյան պլանի համաձայն, ԱՄՆ նախագահը շարունակում է հաղթական հայտարարություններով հանդես գալ։ Վերջին ժամերի ընթացքում նա հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ոչ մի երկիր այնպիսի հարվածների չի ենթարկվել, ինչպես այժմ Իրանը։
«Մենք ոչնչացրել ենք նրանց հրթիռների մեծ մասը, մենք բազմաթիվ դրոններ ենք ոչնչացրել, մենք ոչնչացրել ենք հրթիռներ եւ դրոններ արտադրող բազմաթիվ օբյեկտներ։ Մենք խփում ենք նրանց այնպիսի ուժով, որը ոչ մի երկիր չի զգացել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր»,- ասել է նա Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։
Truth Social սոցիալական ցանցի իր էջում էլ նա գրել է, որ մոտ ժամանակներս նոր հարձակումներ կիրականացվեն Իրանի ղեկավարության դեմ։
«Տեսեք, թե այսօր ինչ տեղի կունենա այդ խենթ սրիկաների հետ»,- գրել է Թրամփը՝ խոստանալով շարունակել նրանց ոչնչացումը, ում անվանել է պատասխանատու տասնամյակներ շարունակ ողջ աշխարհում անմեղ մարդկանց մահվան համար։
Ամերիկյան առաջնորդը նաև կոշտ է արտահայտվել մամուլի հասցեին՝ լրատվամիջոցներին մեղադրելով պարտվողական տրամադրությունների մեջ։
Նրա խոսքով՝ եթե կարդաք New York Times-ը, կարող եք սխալմամբ կարծել, թե ԱՄՆ-ը չի հաղթում, մինչդեռ իրականում Իրանի նավատորմը ոչնչացված է, ավիացիան դադարել է գոյություն ունենալ, հրթիռներն ու անօդաչու սարքերը ենթարկվում են համատարած ոչնչացման, իսկ «առաջնորդները ջնջված են երկրի երեսից»։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ չնայած Իրանի տարբեր բնակավայրերի դեմ շարունակվող հարվածներին, Իրանի բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում այսօր տասնյակ-հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ նշելու Ալ-Քուդսի օրը, որը նշվում է Ռամադանի վերջին ուրբաթ օրը, երբ մարդիկ Իրանում և այլ երկրներում դուրս են գալիս փողոց՝ ի նշան հրեական պետության դեմ պայքարում համերաշխության և միասնության:
Այսօրվա երթին մասնակցել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ԱՀ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, ինչպես նաև Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Նա ազատ շրջել է փողոցներով և պատասխանել լրագրողների հարցերին։ Նա ասել է, որ իսրայելի հարձակումները վկայում են նրա անօգնական լինելու մեջ, իսկ Թրամփը չի հասկանում, որ Իրանի ժողովուրդը հասուն է, ուժեղ ու վճռական։ Նրա որակմամբ, որքան մեծ է ճնշումն, այնքան ուժեղ է ժողովրդի կամքը։ Ավելի վաղ էլ Լարիջանին արձանագրել էր, թե Թրամփն ասում է, որ արագ հաղթանակ է ակնկալում։
«Չնայած պատերազմ սկսելը հեշտ է, այն հնարավոր չէ հաղթել մի քանի գրառմամբ։ Մենք չենք հանձնվի, քանի դեռ դուք չզղջաք այս սխալ հաշվարկի համար»,- գրել էր նա։
168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ միանշանակ ԱՄՆ շահերից չի բխում այս պատերազմի երկարաձգումը, քանի որ ԱՄՆ-ի համար բարդ է այս ռեգիոնում պատերազմ վարելն Իրանի նման պետության դեմ։
Ըստ նրա, վերլուծաբաններն ավելի վաղ ևս արձանագրում էին, որ Իրանն Իրաքը, Վենեսուելան չէ և Իրանի դեմ ջախջախիչ ու արագ պատերազմը հնարավոր չէ։
Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով, քանի որ նախնական պլանը՝ արագ պատերազմի, Իրանի գերագույն առաջնորդին վերացնելու և այդկերպ հարցը լուծելու տարբերակը չաշխատեց և հիմա դեռ չի նշմարվում հետագա պլանը։
«Իրանի պլանը դիմակայելն է, այդ մասին իրանական կողմը հստակ հայտարարում է, Իրանի դիրքորոշումն, ըստ իս, կարծրանում է ռազմական գործողություններին զուգահեռ։ Իսկ ԱՄՆ-ից հակասական հայտարարություններ են հնչում, մեկ հայտարարում են, որ հաղթել են, մեկ հայտարարում են, որ շուտով ավարտվելու է պատերազմը, նաև ասում են, որ սպասվում են նոր հզոր հրթիռակոծումներ․․․ և սրա պատճառն այն է, որ նախնական հաշվարկը, թե մի քանի առանցքային պաշտոնյա վերացնելով՝ հարցը կլուծվի, չաշխատեց, քանի որ համակարգը շարունակեց դիմակայել։ Թե որքանով է արդյունավետ, ցույց կտա ժամանակը, սակայն ԱՄՆ- ը ու Իսրայելը դեռ չեն կարողանում իրենց առջև դրած խնդիրը լուծել։
Մեկ այլ հարցն էլ այն է, որ Թրամփը ցանկանում է հայտարարել հաղթանակի մասին, գրեթե չկա կողմերի միջև բանակցային կամ ետքայլի հնարավորություն, սա ևս բարդացնում է իրավիճակը, ինչպես նաև այն, որ Իրանը հայտարարում է, որ չի բանակցի, ու կան նաև որոշ նախապայմաններ»,- ասաց Խրամչիխինը։
Նրա խոսքով, վստահելի չեն նաև հայտարարությունները, որ ԱՄՆ-ը վերացրել է Իրանի ողջ հրթիռային պոտենցիալը, այլապես Իրանը չէր դիմակայի, իսկ պատերազմի դաշտում իրավիճակ կփոխվեր։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով, հարավկովկասյան երկրները, հետևելով իրավիճակին պետք է եզրակացություններ անեն թե ԱՄՆ-ի, թե Իրանի քաղաքականությունից, իրենց հետագա արտաքին քաղաքականության համար։
Ըստ նրա, մեկ սցենար է, երբ ԱՄՆ-ն հասնում է իր նպատակներին, պարտության մատնելով Իրանին, մեկ այլ սցենար, երբ Իրանը դիմակայում է , հասնելով նրան, որ ԱՄՆ-ը հայտարարի ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։
«Լինելով այս պատերազմի հարևանությամբ, հնարավոր չէ այս ամենը հաշվի չառնել։ Իրանը կարևոր խաղացող է Հարավային Կովկասում, այս պատերազմը բնականաբար փոխելու է թե Իրանի մասին քաղաքական ընկալումները, թե ԱՄՆ-ի, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Եվ կարծում եմ, որ Թուրքիայի, Ադրբեջանի զգուշավոր դիրքավորումը կարևոր է, հաշվի առնելով Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունների բնույթը»,- ասաց Ալեքսանդր Խրամչիխինը։



