ԱՄՆ-ում Էդվարդ Սնոուդենին ներելու կոչով հանրագիրն արդեն հավաքել է 52.000 ստորագրություն
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տան կայքում հանրագիր է կազմակերպվել, որում պահանջվում է ներել ամերիկացի Էդվարդ Սնոուդենին, ով լրագրողներին հայտնել էր ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից հեռախոսազրույցների ու ինտերնետային ակտվիության վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու մասին:
Ներկա դրությամբ արդեն իսկ հավաքվել է 51.941 ստորագրություն: ԱՄՆ վարչակազմից պաշտոնական պատասխան ստանալու համար անհրաժեշտ է 30 օրում հավաքել 100.000 ստորագրություն: Սակայն երկու օրից էլ պակաս ժամկետում արդեն իսկ հավաքվել է պահանջվող քվեների ավելի քան կեսը:
Քվեարկությունը մեկնարկել է հունիսի 9-ին: Ստորագրահավաքին միացողները կարծում են, որ Էդվարդ Սնոուդենն ազգային հերոս է, և որ նա պետք է անհապաղ ներման արժանանա բոլոր հանցաքների համար, որոնք նա կարող է գործած լինել՝ կապված Ազգային անվտանգության գործակալության վերահսկիչ ծրագրերի հետ:
Հիշեցնենք, որ բրիտանական The Guardian և ամերիկյան The Washington Post թերթերն օրեր առաջ էին բացահայտել ԱՄՆ հատուկ ծառայությունների գործողությունների հարցում իրենց տեղեկատվական աղբյուրին՝ Էդվարդ Սնոուդենին:
Խոսելով իր արարքի շարժառիթների մասին՝ Սնոուդենն ընդգծել է, որ նմանատիպ գործողությունները համարում է քաղաքացիական իրավունքներիի և մասնավոր կյանքի անձեռնմխելիության կոշտ ոտնահարում: Նա լրագրողների միջոցով կառավարությանն ազդանշան էր ուղարկել, որ մարդկանց չի կարելի ահաբեկել: