The Guardian-ը և The Washington Post-ը բացահայտել են իրենց տեղեկատվական աղբյուրը` կապված գաղտնի փաստաթղթերի հետ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանական The Guardian և ամերիկյան The Washington Post թերթերը բացահայտել են իրենց տեղեկատվական աղբյուրը՝ կապված համացանցի և հեռախոսազրույցների միջոցով տեղեկատվություն հավաքելու վերաբերյալ ԱՄՆ հատուկ ծառայությունների գաղտնի ծրագրերի հետ:
Խոսքը Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին տեխնիկական մասնագետ, 29-ամյա Էդվարդ Սնոուդենի մասին է: Վերջին շրջանոմ նա եղել է Booz Allen Hamilton քոնսալթինգային ընկերության աշխատակից, որը նրան աշխատելու նպատակով գործուղել է Հավայան կղզիներ:
Մոտ երեք շաբաթ առաջ Սնոուդենն արձակուրդ է վերցրել և մեկնել է Հոնգկոնգ՝ իր հետ տանելով գաղտնի փաստաթղթերի պատճենները: Ներկայումս նա բնակվում է այնտեղ՝ հյուրանոցներից մեկում:
Այժմ նա վախենում է ամերիկյան իշխանությունների հալածանքներից, սակայն «չի պատրաստվում թաքնվել» և մտադիր է քաղաքական ապաստան խնդրել ցանկացած երկրից, որը հավատում է խոսքի ազատությանն ու դեմ է մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտմանը:
Խոսելով իր արարքի շարժառիթների մասին՝ Սնոուդենն ընդգծել է, որ նմանատիպ գործողությունները համարում է քաղաքացիական իրավունքներիի և մասնավոր կյանքի անձեռնմխելիության կոշտ ոտնահարում: Նա լրագրողների միջոցով կառավարությանն ազդանշան է ուղարկել, որ մարդկանց չի կարելի ահաբեկել:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Washington Post և Guardian թերթերում հոդվածներ էին հրապարակվել, որոնցում վստահեցվում էին, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները երկրի քաղաքացիներին ապօրինի հետևում են համացանցի և հեռախոսի միջոցով: