«Արմավիայի» և «Սթարի» պարտքերը բանկային համակարգին չե՞ն սպառնում
«Բանկային ռիսկերի կառավարման հետ կապված գրավի և կանխիկ հոսքի համապատասխան նորմատիվային մոտեցում է ցուցաբերվում խնդիրներին, այսինքն՝ այնպիսի ապահովվածություն կա, որ հետագայում որևէ խնդիր չառաջանա չվճարումների հետ կապված»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը՝ պատասխանելով հարցին, թե «Արմավիայի» և «Սթարի» կողմից վարկային պարտավորությունների չկատարելը ինչպե՞ս կանդրադառնա բանկային համակարգի վրա:
Ըստ Ա. Ստեփանյանի՝ սա կարևոր է ֆինանսական կայունության պահպանման տեսանկունից, ինչը մեր երկրում բավականին բարձր մակարդակի է: Նա նշեց, որ այդ ընկերություններն տրված վարկերը ունեն համապատասխան ապահովվածություն, և եթե վարկերի վերադարձ տեղի չունենա, ապա գրավադրված գույքի իրացումից հետո վարկերը կմարվեն:
«Էական վատթարացում բանկերի ֆինանսական գործունեության առումով չենք սպասում»,- ասաց Ա.Ստեփանյանը:
Նշենք, որ ռուսական ՎՏԲ բանկը 22 մլն դոլարի պահանջ է ներկայացրել Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» և Mika Limited ընկերություններին: «Արմավիայի» ընդհանուր պարտքը Հայաստանի բանկային համակարգին գնահատվում է 50-60 մլն դոլարի շրջակայքում:
Ինչ վերաբերում է «Սթարին», ապա այս ընկերության՝ բանկերին ունեցած վարկային պարտավորությունների գումարային կոնկրետ ցուցանիշներ չեն նշվում, սակայն հայտնի է, որ պարտքը բավականին մեծ է: Վերջերս նաև լուրեր էին տարածվել, որ առկա իրավիճակով մտահոգ են նաև Կենտրոնական բանկում և խորհրդակցություններ են անցկացվում: Մինչդեռ, Ա.Ստեփանյանը մեր հարցին՝ ԿԲ-ն ի՞նչ է անում այս հարցով, հավաստիացրեց, թե ԿԲ-ն «Սթարով» չի կարող զբաղվել, քանի որ այն մասնավոր, ոչ ֆինանսական կազմակերպություն է: