Ինչո՞ւ են հեռուստալրագրող Արմեն Դուլյանին հեռացրել «Շանթից»
Լրագրող, «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական թողարկման հաղորդավար Արմեն Դուլյանին ղեկավարությունն ազատել է աշխատանքից ֆեյսբուքյան գրառման պատճառով. իրեն աշխատանքից ազատելու հարցի քննարկմանը լրագրողը ներկա չի եղել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Արմեն Դուլյանը:
«Ինձ երեկ զանգահարել է «Շանթ» հեռուստատեսության լրատվության պատասխանատուն և ոչ տնօրենը, ոչ էլ ուրիշ մարդ, այլ պարզապես լրատվության բաժնի վարիչը, և ասել, որ ղեկավարությունը երեկ որոշում է կայացրել ինձ աշխատանքից հեռացնելու մասին, և, որ ես այլևս չգամ աշխատանքի: Ես հարցրել եմ պատճառների մասին, հիմնավորումը եղել է այն, որ ես մի ֆեյսբուքյան գրառում եմ արել այն մասին, որ մի քանի օր առաջ Ռուսաստանի Հանրային հեռուսատատեսությունն ուզում էր մի կատակային բան պատրաստել Պուտինի ապահարզանի մասին, բայց նրանց թույլ չէին տվել, և այդ լրագրողները դրա շուրջ աղմուկ են բարձրացրել, և թե ինչո՞ւ չի կարելի կատակել նախագահի մասին, երբ ամբողջ աշխարհում դա ընդունված է: Ես դա պարզապես որպես օրինակ էի բերել և զուգահեռներ էի անցկացրել հայաստանյան իրականության հետ և ասել էի, որ՝ այո՛, ոչ Ռուսաստանում, ոչ էլ մեզ մոտ նման բան թույլ կտան՝ նախագահի մասին հեռուստատեսությամբ կատակել, որ նրանք, ովքեր հեռուստատեսությունը վերահսկում են նախագահական շրջանակներից, նրանք նույնքան մեղմիկ սահմանափակ մտածողություն ունեն Հայստանում, որքան Ռուսաստանի նախագահին շրջապատողները: Սա դուր չէր եկել մեր ղեկավարությանը, և «Շանթի» ղեկավարությունը, չգիտես՝ ինչո՞ւ, ինձ համար շատ զարմանալիորեն դա իր վրա էր վերցրել: Կարծել էր, թե ես հենց այդ հեռուստատեսության ղեկավարների մասին եմ ասել, այնինչ ես այդ հեռուստատեսության ղեկավարի՝ Արթուր Եզեկյանի մասին շատ բարձր կարծիք ունեմ, միշտ նրան հարգել եմ և կյանքում ինձ թույլ չէի տա նման բան և որևէ վիրավորական բան ասել նրա մասին, մանավանդ, որ դա անպատկերացնելի է, որ որևէ ընկերության աշխատող իր ղեկավարի մասին հրապարակայնորեն վիրավորական բան ասի՝ չակնկալելով դրա հետևանքները»,- ասաց Արմեն Դուլյանը: Նա նշեց, որ հեռուստատեսության ղեկավարն իր հետ չի խոսել, ինքը չի կարողացել պարզել, թե ինչո՞ւ է վերջինս նման կերպ վարվել:
«Այդ ժողովին, որում ընդունվել է որոշումը, ինձ միայն տեղեկացրել են այն բանից հետո, երբ կայացվել է այդ որոշումը: Դրանից հետո հեռուստատեսության ղեկավարն ինձ հետ չի խոսել, այդ մասին չի տեղեկացրել, ինձ տեղեկացրել է երկրորդական մի մարդ՝ լրատվության ղեկավարը, և ես մինչև հիմա զարմացած եմ: Եթե տնօրենն ինչ-որ հարցեր ուներ, ապա կարող էր ինձ հետ պարզել, բայց պարզապես չի ցանկացել դա անել»,- ասաց Արմեն Դուլյանը:
Հեռուստալրագրողն ընդգծեց, որ ֆեյսբուքյան իր գրառման մեջ գործածած «հեռուստապատասխանատուները» արտահայտությունը վերաբերում է իշխանություններին և ոչ թե «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարներին: «Դա վերաբերում է այն մարդկանց, որոնք տարիներ շարունակ, ինչպես՝ մեզ մոտ, այնպես էլ՝ Ռուսաստանում, վերահսկում են հեռուստատեսությունները, ցուցումներ են տալիս, հրավիրում են բոլոր հեռուստատեսությունների ղեկավարներին իրենց մոտ խորհրդակցությունների, պահանջում են այսինչ-այնինչն անել: Եվ դուք տեսնում եք դրա արդյունքը՝ հաղորդումներն անպայման սկսվում են նախագահի մասին լուրերով, թե՝ նախագահն ընդունեց Զիմբաբվեի դեսպանին, և դա բոլորովին ոչ մեկին չի հետաքրքրում: Հեռուստատեսության ղեկավարը գիտի, որ դա ոչ մեկին չի հետաքրքրում, բայց եթե նա անում է նման բան, նշանակում է՝ ինչ-որ մեկը ստիպում է նրան դա անել: Ես դրա մասին գրել եմ անընդհատ, միշտ շոշափել եմ այդ հարցը»: Արմեն Դուլյանն ավելացրեց, որ այն երկրներում, որտեղ հեռուստատեսությունը հսկվում է՝ մարդիկ շատ վատ են ապրում:
Հարցին՝ արդյոք այս ընթացքում ինքը փորձե՞լ է կապվել հեռուստաընկերության տնօրենի հետ և պարզաբանել, որ գրառումը նրան չի վերաբերում, Արմեն Դուլյանը պատասխանեց. «Ես կփորձեի միայն մեկ դեպքում՝ եթե նա իմ գրառումը տեսնելով և իր համար այն վիրավորական համարելով՝ կապվեր ինձ, խոսեր և պարզապես ասեր՝ ինչո՞ւ ես, Արմե´ն, իմ մասին վիրավորական բան գրում, չէ՞ որ երբեք դու ինձ վատ բան չեն ասել, ինչպե՞ս հանկարծ նման բան գրեցիր: Նա նման բան չի արել: Երկրորդ՝ նա անցկացրել է ժողով, որին չի կանչել ինձ: Իմ ճակատագիրն է այնտեղ որոշվել, վերջապես ինձ են գործից ազատում, նույնիսկ դատարանում մարդուն վերջին խոսքի իրավունք են տալիս: Այստեղ խոսքը նաև բարոյական խնդրի մասին է՝ ինչո՞ւ չկանչել մարդուն, որի ճակատագիրն է որոշվում, ու չհարցնել՝ ինչո՞ւ է նման հանցագործություն կատարել, եթե դա հանցագործություն է: Մանավանդ, որ իմ և հեռուստատեսության ղեկավարի միջև մեկ տարի առաջ տեղի է ունեցել այսպիսի մի խոսակցություն: Եվ ես, միգուցե կանխատեսելով, որ ինչ-որ ճնշումների արդյունքում ինձ կհանեն աշխատանքից, պարզապես ղեկավարին մարդկայնորեն խնդրեցի՝ եթե ինձ հանելու լինեք, խնդրում եմ, 2 շաբաթ առաջ ասեք այդ մասին, ես չեմ բողոքարկի, միանգամից կթողնեմ-կգնամ, բայց ասեք, որ ես սկսեմ աշխատանք փնտրել: Այդ մարդկային խնդրանքը, որը նաև իրավական պահանջ է, նա չարեց: Դրանից հետո կապվել այդ մարդու հետ, որին շատ հարգում եմ և շարունակում եմ հարգել, բայց այս վերաբերմունքից հետո կապվել նրա հետ և նրան ինչ-որ բան ասել, համաձայնե՛ք՝ անհնար է»:
Հարցին՝ արդյոք լրագրողը պատրաստվո՞ւմ է բողոք ներկայացնել «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարության դեմ, Արմեն Դուլյանը պատասխանեց. «Ինչպե՞ս եք պատկերացնում, որ ես բողոքեմ և նորից վերականգնվեմ մի տեղ, որտեղ այդպես են ինձ վերաբերվում, կարծում են, որ ես այն մարդն եմ, որը կարող է վիրավորական բաներ ասել իրենց ընկերության, իրենց ղեկավարի մասին: Երբեք կյանքում նման բան չեմ անի, ինձ թվում է՝ աշխարհում ոչ մեկը նման բան չի անի, բայց եթե քո մասին ասում են, որ դու նման բան կարող ես անել այն ընկերության և այն ղեկավարի նկատմամբ, որտեղ աշխատում ես, որտեղից փող ես ստանում, որտեղից սնվում ես… Ես առաջին անգամ եմ իմանում, որ իմ մասին նման կարծիք կա, որ ես հնարավոր է՝ վիրավորեմ և վատ բաներ ասեմ այն ընկերության հանդեպ, որտեղ աշխատում եմ: Սրանից հետո ես արդեն իմացա, որ իմ մասին այդպիսի կարծիքի են: Դրանից հետո այդ նույն ընկերությունում աշխատելը, համաձայնեք՝ անհնար է»: