ԱՄՆ Սենատը կքննարկի Միջազգային տիեզերակայանի գործունեության ժամկետը 2 տարով երկարաձգելու հարցը
ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հաջորդ շաբաթ կքննարկի Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) գործունեության նախատեսված ժամկետը 2 տարով երկարաձգելու հարցը։ Սա ժամանակ կտա մասնավոր ընկերություններին՝ մշակելու ՄՏԿ-ի փոխարինման համար նախատեսվող իրենց տարբերակը։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Սենատի առևտրի, գիտության և տրանսպորտի հանձնաժողովը մարտի 4-ին նախատեսում է քննարկել օրենսդրական նախագիծ, որը փոփոխություններ կմտցնի ՆԱՍԱ-ի լիազորություններին վերաբերող օրենքում, որպեսզի հնարավոր լինի երկարաձգել Միջազգային տիեզերակայանի գործունեությունը, որը պետք է դադարեցվեր 2030 թվականին։ Բացի այդ, ավելացվելու է պահանջ, համաձայն որի ՆԱՍԱ-ն լուսնային «Արտեմիս» ծրագրի շրջանակում պետք է բազա կառուցի Լուսնի վրա։
ՄՏԿ-ի ժամկետը երկարաձգելու նախագիծը, որն աջակցություն ունի Սենատի երկու կուսակցությունների կողմից էլ, նպատակ ունի հավասարակշռելու տիեզերքում Չինաստանի նկրտումները։ Հայտնի է, որ չինական կողմը ծրագրում է միջազգային գործընկերների ներգրավմամբ կառուցել իր սեփական Տյանգույն տիեզերակայանը, իսկ 2030-ին մարդկանց իջեցնել Լուսնի վրա։
ՆԱՍԱ-ի հետ կապված օրենքում փոփոխության շնորհիվ Միջազգային տիեզերակայանը, որը Երկրի ուղեծրում է արդեն ավելի քան երկու տասնամյակ, կշարունակի աշխատանքները մինչև 2032 թվական։
ՆԱՍԱ-ն ցանկություն է հայտնել դադարեցնել ՄՏԿ շահագործումը՝ դրա վրա տարբեր խնդիրների ի հայտ գալով պայմանավորված։



