Արտասահմանաբնակ իրանցիները կարող են Իրանի նախագահական ընտրություններին մասնակցել 96 երկրում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի քաղաքացիները կարող են հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցել աշխարհի 96 երկրներում ստեղծված 290 ընտրատեղամասերում:

Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Աբբաս Արաղչին՝ ընդգծելով, որ իր գերատեսչության վրա է դրվել քվեարկության գործընթացի անթերի կազմակերպումը:

Արաղչին հավելել է, որ Իրանի կառավարությունը դիմել է բոլոր երկրների իշխանություններին՝ խնդրելով աջակցել իրենց տարածքում բնակվող իրանցիների ազատ կամարտահայտման գործընթացին:

Արաղչիի խոսքերով՝ արտասահմանում գտնվող ընտրատեղամասեր է ուղարկվել 850.000 քվեաթերթիկ, ինչպես նաև ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ ընտրությունների երկրորդ փուլի դեպքում նորմալ քվեարկություն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամմադ Նաջարը հայտարարել էր, որ Իրանում քվեարկության իրավունք ունի ավելի քան 50.4 միլիոն մարդ:

Տեսանյութեր

Լրահոս