Մեր մարդկանց դատում են նրա համար, որ նրանք հայ են. Պետության լռությունը քայլ է դեպի ինքնաոչնչացում. Արման Թաթոյան
«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը տեսաուղերձ է հրապարակել, որում մասնավորապես նշում է. «Բակո Սահակյանին, Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին դատում են նրա համար, որ նրանք հայ են, որ չհրաժարվեցին հայ լինելուց հայկական հողի վրա…Որ չվերացան, ինքնակազմակերպվեցին, որ պաշտպանեցին ընտանիքներ, որ կրթեցին երեխաներ, բուժեցին հիվանդներին…Որ ապրեցին:
Հանցանք կատարողը Ռուբեն Վարդանյանը չէ, ով եկել էր Արցախ՝ օգնելու, ոչ էլ Բակո Սահակյանն է, ով ղեկավարել է արցախահայերին: Հանցագործությունը կատարել է նա, ով շրջափակել է 120 000 մարդու, նրանց մատնել սովի, վտարել նախնիների հողից: Ու հիմա դատում են նրանց առաջնորդներին նրա համար, որ փորձել են իրենց ժողովրդի համար ապահովել կյանք և արժանապատվություն:
Իսկ Հայաստանի կառավարությունը լռում է: Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի վերաբերյալ դատավճիռները հրապարակվեցին այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը միասին Աբու-Դաբիում մրցանակ էին ստանում»:



