ԱՄՆ-ում սկսվել են զանգվածային արտադրության համար նախատեսված կամիկաձե-անօդաչուների փորձարկումները

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը սկսել է մասնավոր ընկերությունների կողմից ներկայացված կամիկաձե-անօդաչուների 25 նախատիպերի փորձարկումները՝ հետագայում զանգվածային արտադրություն սկսելու նպատակով։ Այս մասին հայտնում է Axios պորտալը։

Պարբերականի տվյալներով՝ փորձարկումներն անցկացվում են Ջորջիա նահանգի Ֆորտ-Բենինգ ցամաքային զորքերի ռազմակայանում։ Ստուգումները կտևեն մինչև մարտի սկիզբ. փոքր և էժան դրոնները, ինչպես նաև դրանց արտադրողները ենթարկվում են լուրջ քննության, քանի որ ԱՄՆ-ն ձգտում է հաշվի առնել Ուկրաինայի հակամարտության փորձը։

Red Cat’s Teal Drones ընկերության գլխավոր տնօրեն Ջեֆ Թոմփսոնը, որի ընկերությունը 25 մասնակիցների թվում է, պորտալին հայտնել է, որ Պենտագոնը առաջնահերթություն է տալիս զանգվածային արտադրություն հիմնելու կարողությանը։ Նրա խոսքով՝ եթե արտադրողը չկարողանա ժամանակին թողարկել և մատակարարել արտադրանքը (օրինակ՝ ուշանա երկու շաբաթ), նա կհեռացվի ծրագրից։

Փորձարկումների ավարտից հետո հաղթողը 150 միլիոն դոլարի պայմանագիր կստանա՝ նախատիպերի մատակարարման համար։

2025 թվականի դեկտեմբերին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է «Անօդաչուների գերիշխանություն» ծրագրի մեկնարկի մասին, որը նախատեսում է հարյուր հազարավոր կամիկաձե-անօդաչուների գնում՝ չորս փուլով։ Ֆինանսավորման ընդհանուր ծավալը կկազմի 1 միլիարդ դոլար։ Ծրագրվում է պատվիրել մոտ 340 հազար դրոն, ընդ որում՝ առաջին փուլն ստացել է «Gauntlet» անվանումը։ Գերատեսչության պլանների համաձայն՝ յուրաքանչյուր խմբաքանակի գնումների ծավալները կավելանան, իսկ մեկ անօդաչուի միջին արժեքը կնվազի։

Տեսանյութեր

Լրահոս