Թուրքիան աշխարհում կատուների թվաքանակով 24-րդ տեղում է
Գիտնականները տարբեր երկրների վիճակագրական տվյալների հիման վրա հաշվարկել են աշխարհում ապրող կատուների թվաքանակը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ հնարավոր չէ հստակ տեղեկություն տրամադրել, թե որքան է կազմում կատուների թվաքանակը, քանի որ բոլոր երկրները կանոնավոր կերպով չեն թարմացնում կենդանիների գրանցամատյանները։
Ըստ վիճակագրական տվյալների՝ աշխարհում կա 600 միլիոնից մինչև 1 միլիարդ կատու, և այդ թիվը ներառում է ինչպես տներում ապրող կատուներին, այնպես էլ փողոցաբնակներին։ Ամենաշատ թվով կատուներ ապրում են ԱՄՆ-ում, նրանց թիվը հասնում է 74.2 միլիոնի։ 2-րդ տեղում Չինաստանն է, որտեղ կա 53.1 մլն կատու։
Չինաստանին հաջորդում են Ռուսաստանը՝ 23.1 մլն, Գերմանիան՝ 15.2 մլն, Ֆրանսիան՝ 14.9 մլն, Բրազիլիան՝ 13 մլն, Միացյալ Թագավորությունը՝ 12.2 մլն և Իտալիան՝ 10.5 մլն։
Այս ցանկում Թուրքիան զբաղեցնում է 24-րդ տեղը՝ կատուների 2.4 մլն թվով։ Եվ սա այն դեպքում, երբ զբոսաշրջիկները սովորաբար Թուրքիան անվանում են «կատուների երկիր»։




