Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի վերջին երկու տասնամյակների ամենաազդեցիկ աստղերի թվում
Ֆրանսիական հայտնի PopFoot վիճակագրական հարթակը ներկայացրել է 2009 թվականից ի վեր Գերմանիայի Բունդեսլիգայում հանդես եկած այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք ունեն «Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ» (Man of the Match) մրցանակը նվաճելու ամենաբարձր տոկոսային ցուցանիշը՝ անցկացրած խաղերի հարաբերակցությամբ։
Լավագույն տասնյակում է հայտնվել նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, այժմ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Դորտմունդի «Բորուսիայում» ցուցադրած փայլուն խաղի շնորհիվ հայ կիսապաշտպանը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։ Գերմանիայում անցկացրած 90 խաղում Մխիթարյանը 17 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, ինչը կազմում է ընդհանուր հանդիպումների 18,9 տոկոսը։
Ցուցակը գլխավորում է ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, որն «Այնտրախտի» կազմում անցկացրած հանդիպումների 31,4 տոկոսում ճանաչվել է «Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ»։ Նրան հաջորդում են «Բավարիայի» առաջատար ֆուտբոլիստներ Հարի Քեյնը (29,8 տոկոս) և Մայքլ Օլիսեն (23,6 տոկոս)։



