Բաժիններ՝

Իրանն արձակել է իր առաջին տիեզերական դիտարկման ազգային կենտրոնը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները երեկ հայտարարել են տիեզերական դիտարկման առաջին ազգային կենտրոնի արձակման մասին:

Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ահմադ Վահիդին հայտարարել է, որ կենտրոնի առաջադրանքն իրանական տիեզերակայանների անվտանգության ապահովումն է և տիեզերական այլ օբյեկտներին և հատկապես արբանյակներին հետևելը:

Վահիդին հավելել է, որ կենտրոնից ստացված տեղեկատվությունը մատչելի կլինի նաև այլ երկրների համար: Կենտրոնի բացման արարողակարգին ներկա է գտնվել նաև նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով ավելի վաղ հայտարարել էր, թե պատրաստ է դառնալ իրանցի առաջին տիեզերագնացը:

Իրանը նաև պլանավորել է ուղեծրում տեղակայել սեփական արբանյակներ՝ բնական աղետների նկատմամբ դիտարկում անցկացնելու, կապի բարելավման և բանակի նկատմամբ վերահսկողության համար: Մի շարք երկրներ, այդ թվում նաև ԱՄՆ-ը մտահոգ են, որ նմանատիպ տեխնոլոգիաները կարող են օգտագործվել մեծ հեռահարությամբ հրթիռների մշակման մեջ:

Իրանն ունի իր տիեզերական ծրագրերի օպերատիվ ղեկավարման 9 ցամաքային կայան, որոնցից մեկը գտնվում է Սիրիայում, իսկ մնացածը հիմնականում գտնվում են Իրանի կենտրոնական ու հարավային մասերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս