Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսին Իրանի մասնակցությունը կլինի պահանջարկված. ՌԴ ԱԳՆ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսին Իրանի մասնակցությունը կլինի պահանջարկված, քանի որ Թեհրանն ունակ է զգալի ներդրում ունենալ տարածաշրջանի ճգնաժամի ու դրա հետևանքների հաղթահարման մեջ:
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ը` մեկնաբանելով նախօրեին Ժնևում ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունների անցկացումը:
Ռուսաստանի ԱԳՆ-ը հայտնել է, որ այդ հանդիպման ժամանակ կողմերը շեշտը դրել են սիրիական ընդդիմության բոլոր ջոկատների կողմից կոնֆերանսում անհրաժեշտ ներկայացուցչություն ունենալու անհրաժեշտության վրա:
Բացի այդ, նրանք ընդգծել են, որ սիրիացիներն իրենք պետք է խնդրի քաղաքական կարգավորման շրջանակներում լուծեն իրենց խնդիրները, իսկ արտաքին կողմերը կարող են ամեն կերպ աջակցել դրան:
Ռուսական կողմն ընդգծել է Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսին Սիրիայի հարևան երկրների և տարածաշրջանի ազդեցիկ խաղացողների, այդ թվում նաև Իրանի մասնակցությունը:
Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել էր, որ Ռուսաստանի համար սկզբունքային է Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսին Իրանի մասնակցությունը:



