Դատարանը որոշեց. Վարդան Ղուկասյանն ու նրա դուստրը բերման կենթարկվեն
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր Կարեն Եսայանի սպանության գործը քննելիս որոշում է կայացրել հինգ վկաներին բերման ենթարկել դատարան, որոնցից երկուսը առանցքային վկաներ են համարվում այս գործում՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ նրա դուստրը՝ Մանյա Ղուկասյանը, ում հետ պատրաստվում էր ամուսնանալ հենց նշանադրության օրը սպանված Կարեն Եսայանը:
Ինչպես գրում է ԳԱԼԱ-ն, ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը մի քանի անգամ դիմել էր դատարանին, որպեսզի կայացնի բերման ենթարկելու որոշում, սակայն դատարանը չէր բավարարել նրա միջնորդությունը, ավելի շուտ` չէր քննարկել բերման ենթարկելու հարցը: Սակայն այսօր դատարանը որոշեց բավարարել այդ միջնորդությունը, եւ հինգ վկաներին՝ այդ թվում` Ղուկասյաններին, բերման ենթարկելու որոշում կայացրեց:
Նշենք, որ երեկ դատարանում որպես վկա հարցաքննվել էր Վարդան Ղուկասյանի եղբայրը՝ Գեւորգ Ղուկասյանը, իսկ այսօր վկաներից ներկայացել էր Հ. Գրիգորյանը, ով ներկայացավ որպես ամբաստանյալ Հարություն Սարգսյանի ընկերուհի:
Նա պատմեց, թե ինչ հարաբերությունների մեջ է եղել ամբաստանյալի հետ, երբ և ինչ պարբերականությամբ են հանդիպել, նշել է նաև, որ պատրաստվում էին Հարությունի հետ ամուսնանալ, որի մասին, սակայն, Հարությունի ծնողները տեղյակ չեն եղել: Կողմերը վկային որոշ հարցեր են ուղղել: Որից հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հայտարարել է, թե վկայի ներկայիս ցուցմունքն ու նախաքննության ընթացքում տված ցուցմունքը էականորեն տարբերվում են իրարից և միջնորդել է դատարանին հրապարակել նախաքննական ցուցմունքը: Այն ընթերցվել է, որից հետո ամբաստանյալի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը նշել է, թե վկայի՝ Հարություն Սարգսյանի ընկերուհու ցուցմունքներում էական տարբերություններ չկան: Որից հետո դատարանը որոշում է կայացրել և բավարարել է ամբաստանյալի շահերի պաշտպանի՝ նախորդ նիստին ներկայացրած միջնորդությունը, այն է՝ բերման ենթարկել գործով 5 վկաներին: