«Մենք պետք է միշտ անհանգիստ լինենք». Արամ Հարությունյան

1 մլն 200 հազար եվրո արժողությամբ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզում նախատեսվում է իրականացնել կլիմայի փոփոխության ազդեցությունների նվազեցմանն ու հարմարվողականության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: «Հայաստանում տեղական համայնքների համար կլիմայի փոփոխության նվազեցման և հարմարվողականության օգուտները ցուցադրելու նպատակով անտառների և արոտավայրերի կայուն կառավարում» անունով ծրագիրն այսօր ստորագրվեց ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի և ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից:

Նախարար Արամ Հարությունյանն ասաց, որ ծրագիրն ունի մի քանի կարևոր բաղադրիչներ. «Դա կլիմայի մեղմացման, հարմարվողականության ծրագիր է, մասնավորապես խնդիրը վերաբերում է հողերի դեգրադացիայի դեմ պայքարին, արոտավայրերի, համայնքների, և, բնականաբար, բոլորս գիտենք, որ այս մարզում է գտնվում Սևանա լիճը, նաև Սևանա լճի էկոհամակարգերի ընդհանուր կառավարման խնդիրն է: Ծրագիրն իր մեջ ներառում է նաև համայնքային բաղադրիչ, մասնավորապես, ածխածնի պարունակության վերաբերյալ, արոտավայրերի, նոր գյուղատնտեսական կուլտուրաների, և, ամենակարևորը, որ մենք այս ծրագրում ներառել ենք երկու կարևորագույն բաղադրիչ կամ ենթաբաղադրիչ, որը վերաբերում է անտառտնկարանի վերականգնմանը: Դա Մարտունիի տարածքում է: Եվ մյուս կարևորագույն հատկությունը, որ այս ծրագիրն ունի, դա, բնականաբար, այս տարիներին մենք չենք ունեցել ծավալուն անտառտնկման աշխատանքներ, Սևանա լճի բարձրացման հետևանքով մենք պարբերաբար անտառհատումներ ենք իրականացրել: Այս ծրագիրը մեզ հնարավորություն կտա անտառվերականգնման ծավալուն աշխատանքներ իրականացնել»:

168.am-ի հարցին՝ ինչո՞ւ է ծրագրի անցկացման համար ընտրվել Գեղարքունիքի մարզը, Արամ Հարությունյանը պատասխանեց. «Առաջին հերթին՝ Գեղարքունիքի մարզը դա, գիտեք՝ Սևան ազգային պարկն, է և մենք խնդիր ունենք Սևանը, նաև օրենքով է ամրագրված, Սևան ազգային պարկի և Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու, և, բնականաբար, մենք պետք է սկսենք Սևանա լճից»: ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն էլ 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով՝ ընտրությունը հավանաբար պայմանավորված է նրանով, որ մարզն ամենաշատ խնդիրներն ունի այդ ոլորտում. «Կարծում ենք՝ որովհետև այն ամենաշատ խնդիրներն ունի այդ ոլորտում արոտավայրերի վերականգնման և պահպանման, և ամենալավ համայնքն է, որտեղ մենք կարող ենք այս ծրագիրը սկսել»:

Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի Մեղրիի բնակիչների այն հայտարարությունների վերաբերյալ, որ հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն անհամատեղելի են: «Ես կարող եմ այսօր հայտարարել, որ Սյունիքի մարզում մենք խոշորածավալ ծրագիր ենք իրականացնում, սկսել ենք իրականացնել 8,2 մլն եվրոյի շրջանակներում: Սրանք հենց վերաբերում են կենսոլորտային տարածքներ ստեղծելուն: Ի՞նչ է նշանակում՝ կենսոլորտային տարածք: Դրանք այն տարածքներն են, որտեղ մենք պետք է կարողանանք լուծումները գտնել և տալ այն տարածքները, որտեղ հնարավոր է ապրել և այդ տարածքին բնորոշ գործունեությամբ զբաղվել, այսինքն՝ բնականաբար, այդ ուղղվածությունները լինելու են բնապահպանական, և այդ ծրագիրը կյանքի է կոչվելու, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ծրագրեր են: Այսինքն՝ եթե մի երկու տեղով ամփոփեմ, տվյալ կլիմային համապատասխան գործունեություն»: Արամ Հարությունյանը նշեց, որ իրենց խնդիրն է հանքարդյունաբերության վնասների մեղմումն ու իսպառ բացառումը:

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք նախարարը հանգիստ է իր երեխաների համար՝ բնապահպանության տեսանկյունից, Արամ Հարությունյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ մենք պետք է ոչ թե հանգիստ լինենք ձեզ հետ, բոլորով միասին, այլ մենք պետք է միշտ անհանգիստ լինենք, որովհետև էկոլոգիական խնդիրները պերմանենտ պրոցեսներ են»: Նա նաև նշեց, որ պետք է կարողանալ ապահովել մարդ-բնություն համագործակցությունը, որպեսզի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցվի:

Տեսանյութեր

Լրահոս