«Արուններս խմաք, արա՛ է». «Հարսնաքարի» գործով մեղադրյալը՝ լրագրողին (ձայնագրություն)

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատաքննությունը: Նիստը հետաձգվեց, քանի որ վկաները դատարան չէին ներկայացել:

Դատավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ նրանց ծանուցում ուղարկվել է մայիսի 31-ին, սակայն դատարանի տրամադրության տակ վկաների ծանուցման մասին ապացույց չկար: Միևնույն ժամանակ՝ դատավորը նշեց, որ վկա Բագրատ Հարությունյանի անձնական տվյալները դատարանին դեռ հայտնի չեն, սակայն դրա համար կիրառվել են որոշակի միջոցառումներ:

Դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց նաև, որ դատարանն «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մարտիրոսյանից դիմում է ստացել, որում վերջինս հայտնել էր, որ գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը, բազմաթիվ փորձեր է արել իր մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով: Լրագրողը նշել էր, որ ամբաստանյալի մայրը նախորդ դատական նիստի ընդմիջման ժամանակ և դրանից հետո դատարանի տարածքում հրապարակային անպատիվ արտահայտություններ է հնչեցրել իր հասցեին դատական կարգադրիչների ներկայությամբ:

Լրագրողը խնդրել էր ձեռնարկել համապատասխան միջոցներ  իրավիճակի շարունակությունը կանխելու նպատակով:
Դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց, որ դատական դահլիճից դուրս տեղի ունեցածի համար դատարանն անձի նկատմամբ միջոց կիրառելու որևէ գործառույթ չունի, չի կարող քննել լրագրողի դիմումը: Ըստ դատավորի՝ նա կարող է դիմումը հասցեագրել իրավապահ մարմիններին: Այդ ժամանակ լրագրողն իր տեսախցիկն ուղղեց դեպի ամբաստանյալի հարազատները, որը հավանաբար զայրացրեց ամբաստանյալ Գարիկ Մարգարյանին. «Արա՛ հասկացանք, րոպեն մեկ էդ կամերադ մի՛ պահի վրես, արա՛, արուններս խմաք, արա՛ է»: Դատավոր Դավիթ Հարությունյանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար ամբաստանյալի նկատմամբ դատական սանկցիա կիրառեց և դուրս հրավիրեց դատական նիստերի դահլիճից:

Կարդացեք նաև

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ին:

Տեսանյութեր

Լրահոս