Բաքվի ոստիկանությանը չի հաջողվել խլել լրագրողին ոստիկանի հարվածելու կադրերը (տեսանյութ)
Ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ազատության ու անվտանգության ինստիտուտի լրագրող Ռասիմ Ալիևը մեկնաբանել է երեկ իր հետ պատահած միջադեպը:
Հիշեցնենք, որ Բաքվում Թուրքիայի դեսպանատան առջև երեկ հավաքվել է մոտ 50 մարդ, որոնք իրենց աջակցությունն են հայտնել Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում փողոց դուրս եկած մարդկանց: Ադրբեջանական ոստիկանությունը ցրել էր այդ ակցիան, որի ժամանակ էլ ոստիկանի կողմից դեմքին հարված էր ստացել Ռասիմ Ալիևը:
Վերջինս Turan-ին պատմել է հետևյալը. «Ես տեսախցիկով նկարահանում էի ոստիկանի և ակցիայի երիտասարդ մասնակցուհու վեճը: Ոստիկանը վիրավորում էր աղջկան, սակայն տեսնելով ինձ՝ նետվեց ինձ վրա և հարվածեց՝ բղավելով, որ ես չնկարահանեմ իրեն»:
Չնայած, որ Ալիևի վրա եղել է «Մամուլ» գրությամբ հագուստ՝ ոստիկանը չի խորշել հարվածել նրան: Ազատության ու անվտանգության ինստիտուտի երկրորդ լրագրող Մեհման Հուսեյնովին հաջողվել է նկարահանել այդ ամենը: Ոստիկանության հրամանատարը կարգադրել է լրագրողից խլել տեսախցիկը և ջնջել կադրերը, սակայն Մեհմանին հաջողվել է փախչել:
Մեդիայի իրավունքների ինստիտուտի ներկայացուցիչ Խալիդ Աղաալիևը հայտարարել է, որ լրագրողի վրա հարձակումն ընկնում է Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի տակ, և որ ոստիկանների դեմ պետք է հարուցվի քրեական գործ: