«Բանկերը շատ զգուշավոր են». ԿԲ պաշտոնյա
Գազի և էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով նվազում է նաև բանկերի հաճախորդների վճարունակությունն ու վարկունակությունը: Սակայն, ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, քանի որ ՀՀ բանկերը ունեն բավականին լավ կապիտաիզացիա, ապա ապահով են և բանկերը կարող են կլանել նման ռիսկերը: ԿԲ-ն պարերաբար անցկացնում է սթրես թեստեր, որոնք, ըստ Ա. Գրիգորյանի, շատ խիստ են, օրինակ՝ ակտիվների 30%-ը «ջրում ենք», նույնիսկ նման դեպքում համակարգը կայուն է և խնդիրներ չի ունենա:
«Բանկերը շատ զգուշավոր են»,- ասաց վարչության պետը:
Անդրադառնալով բանկերի բաժնետիրական կապիտալի կենտրոնացվածության խնդրին՝ Ա.Գրիգորյանը վստահեցրեց, որ դա բնորոշ է ՀՀ նման երկրներին, և միայն ֆինանսական շուկայի զարգացման հետ բաժնետերերի թիվը կավելանա. «Մեզ մոտ կորպորատիվ կառավարման պահաջները բավականին խիստ են դրված, բանկի գործադիր տնօրենն ու խորհրդի նախագահը չի կարող նույն մարդը լինել: Սեփականատերը չի կարող վարկավորել ըստ ցանկության: Բանկերի բաժնետերերը շատ քիչ են միջամտում բանկերի կառավարմանը»: